ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնից 2024 թվականի հոկտեմբերի 7-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը, ժամը 11:30-ին, Աշտարակի շտապ բժշկական օգնության խումբը Նոր Երզնկա համայնքից մահացած վիճակում բուժկենտրոն է տեղափոխել նույն համայնքի 15-ամյա բնակչի դին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, որպես հանկարծամահություն, նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով:
«Վարույթի շրջանակներում կատարվել են դեպքի վայրի, դիակի արտաքին զննումներ, որոնց արդյունքում մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել:
Հարցաքննվել են Նոր Երզնկա գյուղի դպրոցի տնօրինության և ուսուցչական կազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև մահացած երեխայի համադասարանցիներ։
Նախնական տվյալներով՝ 15-ամյա աշակերտը մահացել է ֆիզկուլտուրայի դասաժամին վոլեյբոլ խաղալու ժամանակ՝ ինքնազգացողությունը հանկարծակի վատանալու հետևանքով:
Մահվան պատճառները պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,-նշել է Աբրահամյանը՝ ավելացնելով, որ նախաքննությունը շարունակվում է: