Առողջապահության համապարփակ ապահովագրության նախագիծը հետաձգվել է. այն կարծես իշխանության սրտով չէ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ առողջապահության նախարարության կողմից 2023 թվականի սկզբին հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետությունում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը հետաձգվել է մինչև 2027 թվական։

Առողջապահության նախարարության կողմից մշակված առողջության համապարփակ ապահովագրության այս նախագիծը ենթադրում է ապահովագրություն, որը նախատեսվում է իրականացնել հիմնադրամի միջոցով, որն էլ ստեղծվելու է պետական ձևաչափով։

Նախագծի հայեցակարգն ուղարկվել է ֆինանսների նախարարություն, սակայն այս կետում սառել է։

Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ օրեր առաջ՝ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում կատարված աշխատանքների ու բարեփոխումների քննարկման ընթացքում, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը խոսել է առողջապահության համապարփակ ապահովագրության մասին։ Մասնավորապես, նշել է, որ այն պետք է իրականացվի մասնավոր ընկերության կողմից, այնինչ առողջապահության նախարարությունը պետական հիմնադրամի ձևավորման կողմնակիցն է։

Հենց այս պատճառով գրեթե 60 մլն դրամով՝ 25%-ով, կրճատվել են առողջապահության նախարարությանը տրամադրվող ֆինանսները։

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ֆինանսների նախարարություն հետևյալ հարցադրումներով.

  • Արդյոք նման քննարկում եղե՞լ է։
  • Ի՞նչն է եղել պատճառը, որ ֆինանսների նախարարը հիմնադրամի ձևավորմանը կողմնակից չէ։
  • Ճի՞շտ է, որ առողջապահության համապարփակ ապահովագրության գործընթացը հետաձգվել է մինչև 2027 թվական։

«Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախաձեռնողի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, անցկացվել է աշխատանքային փակ քննարկման ձևաչափով: Նիստի վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկատվությունը հրապարակվել է: Չհրապարակված հարցերը աշխատանքային փակ հանդիպման մաս են կազմում և լուսաբանման ենթակա չեն:

Ի հավելումն վերոբերյալի` նշեմ, որ ֆինանսների նախարարությունը երբևիցե հիմնադրամի ձևավորման մասնավոր կամ պետական լինելու վերաբերյալ մեկնաբանություն չի տվել», – ասվում է ՀՀ ֆինանսների նախարարության պատասխանում։

Առողջապահության նախարարությունն էլ իր հերթին անորոշության մեջ է. «Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգը մեր կողմից մշակվել եւ մի քանի անգամ լրամշակվել է, ներկայացվել է ֆինանսերի նախարարություն։ Միջաժամկետ ծախսերով ապահովագրությունը նախատեսված էր եղել։ 2025 թվականի բյուջեի նախագծում այն արտահայտված չէ։ ԱԺ-ում դեռևս կլինեն քննարկումներ, կհասկանանք։ Այս պահին սա կարող եմ ասել», – փոխանցեցին առողջապահության նախարարությունից։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ առողջապահության համապարփակ ապահովագրման համար նախատեսված հիմնադրամի ստեղծմանը դեմ է ֆինանսների նախարարությունը՝ շատ հիմնավոր պատճառով։
Բանն այն է, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը առողջապահական համապարփակ ապահովագրությունը մասնավոր ընկերության միջոցով գործելու ձևաչափով է նախընտրում իրականացնել, քանի որ ընկերության ղեկավարի համար համապատասխան հավակնորդ ունի։

Ըստ մեր տեղեկությունների՝ փոխվարչապետի նախկին աշխատավայրից՝ բանկային համակարգից, ոմն Հովհաննիսյան պարբերաբար այցելել է պետական առողջապահական գործակալություն՝ հենց առողջապահական ապահովագրության գործընթացը ձեռք առնելու նպատակով, սակայն գործընթացի սառչելու հետ դադարել են նաև Հովհաննիսյանի այցերը։

Կարելի է եզրակացնել, որ այս նախագիծը իշխանության սրտով չէ, հակառակ դեպքում՝ այն արդեն վաղուց ընդունված կլիներ և Ազգային Ժողովի կողմից հաստատված։

Հնարավոր է, որ կառավարությունը և Ֆինանսների նախարարությունը չեն ցանկանում նախընտրական փուլում ևս մեկ ձախողված նախագիծ իրականացնել, ինչպես եղավ ԱՆԻՖ-ի դեպքում. միլիոններ ներդրեցին ստեղծման, ապա լուծարելու համար։
Եթե ևս մեկ հեղափոխական ծրագիր չիրականացվի, ապա հակաիշխանական ուժերն ավելի շատ ձախողումների ապացույց կունենան, ինչն էլ կվնասի ՔՊ հեղինակությունը. իսկ ՔՊ-ն նախընտրական փուլում ռիսկերի չի գնում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս