Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է ԱԺ՝ վավերացման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը, որին սեպտեմբերի վերջին հավանություն է տվել Սահմանադրական դատարանը, ուղարկվել է Ազգային ժողով՝ վավերացման։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ այդ քննարկումների ընթացքում Կառավարության ներկայացուցիչը փոխվարչապետ, սահմանազատման հայկական հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը կլինի:

Կանոնակարգը սահմանված ժամկետից երկու ամիս ուշ ստորագրվեց, տեքստը հրապարակվեց դրանից միայն երկու օր հետո: Գործադիրը պարզաբանեց, թե բովանդակության գաղտնազերծման ուշացումը կապված է նաև Ադրբեջանի հետ գործընթացը հնարավորինս սինխրոնացնելու անհրաժեշտության հետ:

Ըստ այս փաստաթղթի՝ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգում նշվում է՝ գործընթացը հնարավոր է հետագայում՝ խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, այլ սկզբունքներով ընթանա։

Կանոնակարգը 7 հոդված ունի, հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկակական տվյալներ են, ընդհանրական ձևակերպումներ։

Նշենք, որ Ադրբեջանում կանոնակարգի տեքստը չի հրապարակվել եւ այն որեւէ ընթացակարգ դեռ չի անցել:

ԱԺ-ում այս հարցով զեկուցող է նշանակվել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ կանոնակարգը ստորագրվել է օգոստոսի 30-ին, իսկ ՍԴ-ն սեպտեմբերի 26-ի որոշմամբ հաստատել էր, որ այն համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը։




Լրահոս