Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները, ՌԴ նախագահին է փոխանցել «Խաղաղության խաչմերուկ» բրոշյուրը, ինչպես նաև մտահոգություն հայտնել տարածաշրջանային թեմաների վերաբերյալ ՌԴ մի շարք պաշտոնյաների կողմից օգտագործվող ձևակերպումների և բառապաշարի վերաբերյալ։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտւղար Նազելի Բաղդասարյանը:
«Տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության խոսույթը դռնփակ և դռնբաց ֆորմատներում նույնական է։
Վարչապետ Փաշինյանը դրական է գնահատում ՌԴ նախագահի հետ ունեցած հանդիպման արդյունքները։ Քննարկվել է հարցերի լայն շրջանակ, ձեռք են բերվել էներգետիկ, կրթական, հումանիտար ոլորտներին վերաբերող կոնկրետ պայմանավորվածություններ։
Համաձայնություն է ձեռք բերվել նաև այն մասին, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուժերով։
Վարչապետ Փաշինյանը նախագահ Պուտինին շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի իրականացրած ծառայության համար»,- ասված է գրառման մեջ։