Սիրիական ընդդիմության զինյալները գնդացիրներից գնդակոծել են Դամասկոսի, Հալեպի և Հոմսի բնակելի թաղամասերը:
Ինչպես տեղեկացրել է SANA գործակալությունը, մայրաքաղաքում արկերն ընկել են քաղաքի արևելքում գտնվող Աբասիդների հրապարակում: Արկերից մեկը պայթել է միջնակարգ դպրոցի մոտ, երկու աշակերտուհիներ վիրավորվել են: Եվս երկու արկ ընկել է կանանց կարի ֆաբրիկայի շենքում: Աշխատող կանանցից մեկը զոհվել է, ևս երեքը վիրավորվել են:
Պայթյունների մասին հայտնել են նաև Քասա քրիստոնեական թաղամասից և Հալեբ փողոցից. տուժածներ չկան:
Հալեպում ուժեղ գնդակոծման տակ են եղել արևմտյան թաղամասերը, որոնք գտնվում են սիրիական բանակի պաշտպանության տակ: Զոհվել են 5 խաղաղ բնակիչ, 26-ը վիրավոր են: Եվս երեք սիրիացի վիրավորվել է Հոմսի արվարձանների գնդակոծություններից: