ԱԺ միջոցները մսխվում են, պայմանագրով պարտավորությունները չեն կատարվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պոզով-պոչով կոռուպցիան ՀՀ Ազգային ժողովում բույն է դրել ու զարգանում է: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ ԱԺ «Ամառային դպրոցի» շրջանակում նախապես պլանավորել են խարույկի շուրջ զրույց կազմակերպել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ աշակերտների միջեւ: Պետբյուջեի միջոցներից վարձակալել են պուֆեր (փափկաթոռներ) եւ այլ պարագաներ, սակայն միջոցառումը չի կայացել. իսկ «Ամառային դպրոցի» կազմակերպումը ԱԺ աշխատակազմի ղեկավարը վստահել է Երեւանի քաղաքապետարանին ավտոմեքենայի մաս վաճառած ընկերությանը։

«Ամառային դպրոցի» անցկացման համար Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը պայմանագիր է կնքել «Լոռե թրավել» ՍՊԸ-ի հետ, որն արժեցել է 22 մլն 80 հազար դրամ՝ գրեթե 56 հազար դոլար, որով սահմանված են եղել հստակ պահանջներ։ Նկատենք՝ «Լոռե թրավել» ՍՊԸ-ն, կարծես թե, իշխանության սիրելի մատակարարներից մեկն է։ ՍՊԸ-ն 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կնքել է 6 պայմանագիր Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ վիճակագրական կոմիտեի, Ազգային ժողովի եւ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի հետ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 45 մլն դրամ։ Ընկերությունն իշխանություններին հիմնականում միջոցառման կազմակերպման ծառայություններ է մատուցում։

«Լոռե թրավել» ՍՊԸ-ն պատկանում է տնտեսական գործունեության «ցամաքային այլ մարդատար տրանսպորտի գործունեություն՝ չներառված ուրիշ խմբավորումներում» դասիչին։ Տնտեսական գործունեության տեսակը չի ենթադրում սեմինարների կազմակերպման ծառայություններ, գուցե սա ՊԵԿ-ի կողմից բացթողում է, կամ ոչ։

Ինչեւէ,  «Լոռե թրավել» ՍՊԸ-ն, պարզվում է, նաեւ մեքենաների մասերի վաճառքով է զբաղվում։ 2024 թվականի հունիսի 12-ին մեկ անձից գնման եղանակով Երեւանի քաղաքապետարանը նշված ընկերությունից ձեռք է բերել ավտոմասեր։

 

 

 

 

Իսկ հիմա կոնկրետ գումարների վատնման նմանվող գործընթացի նկարագրությունը. «Ժողովուրդ» օրաթերթը բացահայտեց, որ պայմանագրով նախատեսված է եղել ՀՀ ԱԺ բակային տարածքում խարույկի կազմակերպում իրականացնել՝  ներառյալ խարույկ կազմակերպելու համար բոլոր անհրաժեշտ պարագաներն ու 70 պուֆ բազկաթոռները (60 երեխայի համար 70 պուֆ էին վարձակալել)։ ԱԺ հրապարակումներում «Ամառային դպրոցի» 2 շաբաթների ընթացքում խարույկային երեկոներ այդպես էլ չլուսաբանվեցին:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ԱԺ-ից ասել են. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումն ի սկզբանե ծրագրված էր 1 ժամ, սակայն մասնակիցների հարցերը շատ էին, հետեւաբար, հանդիպումը նախատեսվածից երկար տեւեց՝ մոտավորապես 3 ժամ։ Հաշվի առնելով ուշ ժամը՝ նպատակահարմար չէր խարույկի կազմակերպումը»: Ստացվում է, որ Ազգային ժողովի աշխատակազմի համար մեկ է, թե պայմանագրով ինչ պարտավորություններ ունեն. նպատակահարմարությանն են նայել ու չեն արել նախատեսված միջոցառումը։ Իսկ ով պետք է պատասխան տա ծախսված գումարների եւ ոչ պետքական գնումների համար՝ անհասկանալի է մնում:

Բացի սրանից, չկատարված ու չմատուցված ծառայության համար պետության բյուջեից փոխանցված գումարներն անգամ հետ չեն գանձվել ծառայության մատակարարից. փաստաթղթերում ոչինչ չկա այդ մասին։

Բացի դրանից, ֆինանսական հատկացումները հաշվելիս «Ամառային դպրոցի» ծախսը ամենեւին չի կազմում գրեթե 56 հազար դոլար, ավելին՝ նախորդ տարի նույն ծրագրի՝ ՀՀ Ազգային ժողովի 2023 թվականի կարիքների համար «Ամառային դպրոցի» հյուրանոցային ծառայությունների ձեռքբերման համար իրականացվել է շատ ավելի քիչ ծախս՝ 7 մլն 836 հազար դրամ. իսկ ի՞նչ է սա, եթե ոչ բյուջեի վատնում, կամ Փաշինյանի սիրած՝ «պոզ ու պոչով կոռուպցիան»:

 

 

 

 

ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը դռնփակ կքննարկվի. կասկածելի արդյունք

 

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ԱԺ կանոնակարգի շատ դրույթների խախտումով վերջապես ավարտել է աշխատանքները, եզրակացությունն արդեն պատրաստ է։ «Ժողովուրդ» օրաթերթին ՔՊ-ից հայտնեցին, որ զեկույցը հիմա վերջնական ամփոփման փուլում է, սպասում են հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքներին, եթե իհարկե, այդպիսիք լինեն։ ԱԺ կանոնակարգ օրենքի 25-րդ հոդվածը սահմանում է՝ եթե քննիչ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդը զեկույցի վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նրանց ներկայացուցիչը կարող է Ազգային ժողովի նիստում՝ զեկույցի քննարկման ընթացքում, հանդես գալ հարակից զեկուցմամբ` ներկայացնելով հատուկ կարծիքը: Արդեն այս ամիս՝ հոկտեմբերին, քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պետք է նամակով դիմի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որպեսզի վերջինս դռնփակ նիստ նախաձեռնի քննիչ հանձնաժողովի զեկույցը ներկայացնելու համար։ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ զեկույցն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում: Հարցը քննարկվում է հետեւյալ կարգով. նախ հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս քննիչ հանձնաժողովի նախագահը՝ ներկայացնելով հանձնաժողովի զեկույցը, որից հետո նրան կարող են հարցեր տրվել։ Սրան հաջորդում է մտքերի փոխանակություն, այնուհետեւ եզրափակիչ ելույթով հանդես է գալիս քննիչ հանձնաժողովի նախագահը: Հարցի քննարկումն ավարտվելուց հետո քննիչ հանձնաժողովի զեկույցը, ինչպես նաեւ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներկայացված հատուկ կարծիքն աշխատակարգով սահմանված կարգով ուղարկվում է զեկույցում նշված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց, որոնք կարող են զեկույցի վերաբերյալ իրենց գրավոր պատասխանն Ազգային ժողովի նախագահին ուղարկել մեկամսյա ժամկետում:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծվել է 2022 թվականի փետրվարին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված են պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները. 11 հոգանոց հանձնաժողովի անդամներից 7-ը ՔՊ խմբակցությունից են։ Եվ նպատակը ի սկզբանե պարզ էր՝ մաքրել Նիկոլ Փաշինյանին պատերազմի բոլոր հնարավոր մեղքերից ու մեղադրանքներից՝ սլաքները ուղղելով տարբեր, այդ թվում եւ առերեւույթ «5-րդ շարասյան» կողմ:

 

 

 

 

Գլխավոր դատախազության եւ Երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդու միջեւ պայքարը չի դադարում։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազությունը մերժել է հայտնի երգչի որդու՝ Հրաչյա Ղեւոնդյանի պաշտպանների միջնորդությունը՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասով։ Ասել է թե՝ Սպիտակցի Հայկոյի որդին շարունակում է իշխանության յուրացման գործով անցնել մեղադրյալի կարգավիճակով։ Ինչպես ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, Սպիտակցի Հայկոյի որդու կալանավորման հարցը հասել էր Վճռաբեկ դատարան: ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ Գլխավոր դատախազությունը դիմել էր վճռաբեկ դատարան՝ պահանջելով բեկանել ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը, սակայն Վճռաբեկ դատարանը մերժել էր Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Ասել է թե՝ ՀՀ բոլոր դատական ատյանները՝ առաջին ատյանը, ՀՀ վերաքննիչ ու Վճռաբեկ դատարանները, մերժել էին հայտնի երգչի որդուն կալանավորելու միջնորդություններն ու բողոքները։ ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը խիստ է տրամադրված եւ ամեն գնով ցանկանում է կալանքի տանել Հրաչյա Ղեւոնդյանին, սակայն փորձերն անցան ապարդյուն։ Դատարանները կալանքի չտարան, սակայն քրեական հետապնդումը դադարեցնելը մերժվեց:

 

 

 

 

 

«Աթենք» ՍՊԸ-ն հերթական անգամ դատարանի դռներն է ընկել։ Մեզ հայտնի դարձավ, որ ընկերությունը սեպտեմբերի 20-ին վարչական դատարան հայց է ներկայացրել՝ ըննդեմ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի՝ պահանջելով անվավեր ճանաչել կարգադրությունը։ Նշենք, որ տեսչական մարմնի գործառույթն է բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, բժշկական օգնության եւ սպասարկման, դեղերի շրջանառության, աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման ոլորտներում ռիսկերի կառավարումը եւ ՀՀ օրենքների ու այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաեւ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը նշված ոլորտներում։ Դատելով իրավիճակից՝ «Աթենք» ՍՊԸ-ում կանոնների խախտում է եղել, եւ տեսչական մարմինը կարգադրություն է իջեցրել, ինչի հետ ՍՊԸ-ն համաձայն չէ։ Մեր հետաքննությունը կշարունակենք՝ հասկանալու համար, թե ինչ խախտումներ է արձանագրել տեսչական մարմինը «Աթենք» ՍՊԸ-ում։

 

 




Լրահոս