Խաղաղության պայմանագիրը Հայաստանի՝ չակերտների մեջ առնված խաղաղությունն է, որը հանգիստը կորցրել է վերջին 4 տարիներին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ ձգտում է Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր, սակայն Ադրբեջանի նախագահն իրեն հատուկ պահանջատիրական պնդմամբ հայցում է պայմանագրի բոլոր կետերի շուրջ համաձայնություն։
Եթե խաղաղության պայմանագրի ամբողջական տեքստը չի հաջողվում ստորագրել, առաջարկում են ստորագրել արդեն իսկ համաձայնեցված կետերը ներառող փաստաթուղթ:
Եթե դա էլ չի հաջողվում, համաձայն են ստորագրել սկզբունքների շուրջ պայմանագիր:
Եթե անգամ դա էլ է մերժվում Ադրբեջանի կողմից, ապա Հայաստանը պատրաստ է մի որեւէ այլ թուղթ ստորագրելու:
Իրատես եւ տրամաբանող յուրաքանչյուր ոք հասկանում է, որ ո՛չ խաղաղության պայմանագիրը, ո՛չ որեւէ այլ փաստաթուղթ չեն բացառելու նախագահ Իլհամ Ալիեւի նոր պատերազմի հավանականությունը: Երկկողմ ստորագրված փաստաթղթերը զսպող գործոն են միայն:
Մինչ Ադրբեջանի նախագահը շարունակում է մեղադրել Երևանին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում ժամանակ ձգելու մեջ և նոր նախապայմաններ է դնում Հայաստանի առջև, Նիկոլ Փաշինյանն ամեն պատեհ-անպատեհ իրավիճակներում տարբեր բարձր ամբիոններից առիթը բաց չի թողնում հայտարարելու՝ Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 12-ին Ազգային Ժողովում ասել է․
«Կա 13 հոդված, որոնք ամբողջությամբ պաշտոնապես համաձայնեցված են խաղաղության պայմանագրի նախագծում, նախաբանն ամբողջությամբ համաձայնեցված է, թղթի վերնագիրն ամբողջությամբ համաձայնեցված է, ևս 3 հոդված մասնակի է համաձայնեցված, այսինքն՝ հոդվածում կան մասեր, կա նախադասություն, որ համաձայնեցված է, կա նախադասություն, որ համաձայնեցված չէ: Կա ևս մեկ հոդված, որ ընդհանրապես համաձայնեցված չէ: Օրինակ՝ ամենասկզբում երկրորդ, երրորդ խմբագրությունները խաղաղության պայմանագրի ունեցել են 18 հոդված, այսինքն՝ ինչ-որ հոդվածներ դուրս են եկել, օրինակ՝ Ադրբեջանն ինքը հայտարարեց կոմունիկացիաների հոդվածի դուրս գալու մասին, այսինքն՝ մնացել են 17-ը»։
Ադրբեջանը պահանջում է բոլոր կետերի շուրջ համաձայնություն։
44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցին ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացրել են՝ Խաղաղության պայմանագրի որ կետերի շուրջ են բանակցություններն անավարտ՝ այն համարելով կապիտուլյացիոն համաձայնագիր։
«Սկզբում Ադրբեջանի և Հայաստանի միջև հաշտության պայմանագրի տարբերակում կար 33 կետ, հետո՝ 30, հետո բանակցություններից հետո՝ 17, հետո Ադրբեջանը հրաժարվեց Զանգեզուրի միջանցքի հետ կապված կետից և ընդհանուր միավորը դարձավ 16։ Դրանցից 13-ը համաձայնեցված են, իսկ 3-ը՝ ոչ. հայկական կողմի մերժած այս 3 կետերն են, որ հիմք են հանդիսանում Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության և համապարփակ երկկողմ հարաբերությունների համար։ Փաստն այն է, որ կետերից առաջինը վերաբերում է անվտանգության խնդիրներին, երկրորդը՝ Հայաստանի սահմանադրությանը, այսինքն՝ հայկական պետականության իրավական ասպեկտներին, որտեղ իրականում առկա է ապագայում խաղաղության պայմանագիրը չեղյալ հայտարարելու սպառնալիք, և երրորդ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում լինելը։ Այս կետերը նախագծից ուղղակի բացառելը շատ անլուրջ քայլ էր, քանի որ համաձայնեցված բոլոր կետերից միայն այս երեքն են Բաքվի համար սկզբունքային նշանակություն, այդ մասին մշտապես ասել է Ադրբեջանի նախագահը»,- գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հայաստանի վարչապետը վերջին ասուլիսին տեղեկացրեց, որ Երևանն ու Բաքուն ամբողջովին համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի 17 հոդվածից 13-ը։
16,17,18․․․ դեռ պարզ չէ, թե խաղաղության պայմանագրի չհրապարակված կետերն ինչ են սահմանում, սակայն պարզ է, որ խաղաղության պայմանագրի հետևում ամենևին էլ խաղաղությունը չէ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան