Ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները հոկտեմբերի 5-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ «Օպել» մակնիշի մեքենայով մի տղամարդ Գյումրիի Երևանյան խճուղու շենքերից մեկի տարածքում թմրանյութ է տեղադրում, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Իրացնելով ստացված տեղեկությունը՝ համայնքային ոստիկաններն անմիջապես մեկնել են նշված հասցե, որտեղ նկատել են մի տղամարդու, ով իրենց տեսնելով՝ ձեռքից նետել էր պոլիէթիլենային փաթեթը և դիմել փախուստի:
«Ոստիկանները նրան բռնել, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են Կումայրիի բաժին: Անձնական խուզարկությամբ Տավուշի մարզի Զորական գյուղի բնակիչ 49-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել են ծալովի դանակ և բջջային հեռախոսներ:
Հայտնաբերվածը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ Երևանյան խճուղու վերոհիշյալ շենքի հարակից տարածքից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է 20 փաթեթ՝ ընդհանուր 46,89 գրամ քաշով:
Զորական գյուղի բնակիչ 49-ամյա տղամարդու վարած «Օպելը» տեղափոխվել է ոստիկանության Կումայրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ ինքը՝ ոստիկանության Մուշի բաժնի ձերբակալվածների պահման վայր:
Կատարվում է նախաքննություն»,- ասվում է հաղորդագրությունում: