ՀԷՑ-ը ռուսաստանաբնակ գործարարից խլելու փորձեր են արվում իշխող ՔՊ-ի կողմից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ՔՊ-ականները շարունակում են իրենց արշավը՝ ընդդեմ ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի: Իշխանականներն ամեն ջանք գործադրում են, որպեսզի նրա ձեռքից խլեն «Հայաստանի էլեկտրական ցանցերը»:

Նախ՝ ՔՊ խմբակցությունն էր ԱԺ-ում լսումներ նախաձեռնել էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրների հետ կապված. Հայկ Կոնջորյանի նախաձեռնությամբ նման նիստ հրավիրվեց, որը աննախադեպ էր, և ակնհայտ էր, որ այն ոչ թե միտված է խնդիրներին լուծում գտնելուն, այլ որպեսզի լսումների ընթացքում ՔՊ-ն ամեն գնով ցույց տա, թե ինչքան վատ է աշխատում ՀԷՑ-ը:

Երեկ էլ արդեն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում դարձյալ քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրները:

Այսինքն՝ ՔՊ-ն այնքան լուրջ է տրամադրված ՀԷՑ-ը խլելու հարցում, որ անգամ Նիկոլ Փաշինյանն է հրապարակավ գործի անցել:

ՔՊ-ականներն իրենց այս ճնշումներով, ըստ էության, դուրս են եկել ոչ միայն Սամվել Կարապետյանի դեմ, այլ «ատամ» են ցույց տալիս ռուսական կողմին ու փորձում են ուղերձ հղել, որ ազատվում են ռուսական կապիտալից:

Նիկոլ Փաշինյանին, հավանաբար, զայրացրել է նաեւ այն, որ սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած Մյուռոնօրհնության սուրբ արարողության կնքահայրը հենց տիար Սամվել Կարապետյանն էր:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը համաձայնություն են ձեռք բերել, որ 2025 թվականի հունվարի 1-ից ռուս սահմանապահները կհեռանան Հայաստան-Իրան սահմանի հսկիչ կետից եւ հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուժերով»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս