Նիկոլ Փաշինյանը վերադարձել է. ՔՊ-ն այսօր նիստ կանի, արդարադատության նախարար կընտրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ վարչության նիստը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 9-ին:

Նիստը դեռ պետք է երեկ կայանար, սակայն Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցի պատճառով այն հետաձգվել էր: Օրակարգում Արդարադատության նախարարի թեկնածուների հարցն է լինելու:

Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ ՔՊ-ն նախարարի տարբեր թեկնածուներ է քննարկել՝ Արփի Դավոյան, Արուսյակ Ջուլհակյան, Վլադիմիր Վարդանյան, Հերիքնազ Տիգրանյան, քննարկվել է նաև Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը։

Թեկնածուների ցանկը, սակայն, գնալով սեղմվել է, քանի որ մեծ մասը՝ Վլադիմիր Վարդանյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Սիսակ Գաբրիելյանը հրաժարվել են առաջադրվել այդ պաշտոնին։

Արդյունքում երկու թեկնածուների շուրջ է գնացել քննարկումը՝ Արուսյակ Ջուլհակյան և Արփի Դավոյան, թեև վերջինս առհասարակ կապ չունի իրավաբանության և արդարադատության հետ։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ում երկար քննարկումներից հետո հասկացել են, որ Արփի Դավոյանի թեկնածությունը զավեշտալի է, անգամ Նիկոլ Փաշինյանի սրտով չի եղել դա, չնայած, որ վերջինս ասել է՝ վարչության նիստին քվեարկությամբ կորոշեն։

Ինչպես արդեն ArmLur.am-ը հայտնել է, Արփի Դավոյանի լոբբինգով ՔՊ-ում զբաղվում են հենց ինքը՝ Դավոյանը, որի բաղձալի երազանքն է արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնելը, ինչպես նաև նրա մտերիմ Անդրանիկ Քոչարյանը։

Այս պահի դրությամբ ՔՊ-ում արդարադատության նախարարի հավանական թեկնածուն Արուսյակ Ջուլհակյանն է, ով նաև ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն է։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս