ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի զինված ուժերին հաջողվել է վերականգնել վերահսկողությունը Կուրսկի մարզի Նովայա Սորոչինա և Պոկրովսկի բնակավայրերի նկատմամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
«Զորքերի «Հյուսիս» խմբավորման ստորաբաժանումները շարունակել են հարձակողական գործողությունների իրականացումը, որի ընթացքում ազատագրել են Նովայա Սորոչինա և Պոկրովսկի բնակավայրերը», – ասվում է Ռուսաստանի ՊՆ հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը վերջին անգամ Կուրսկի մարզում հաջողությունների մասին հայտնել էր երեք շաբաթ առաջ։
«Կոմերսանտ»-ը հաղորդում է, որ հետ գրավված երկու բնակավայրերը գտնվում են Կուրսկի մարզի Սուջայի շրջանում։ Պոկրովսկի խուտորը գտնվում է Սնագոստ գետի մոտ, Ուկրաինայի սահմանից 6,5 կմ հեռավորության վրա։ Նովայա Սորոչինա գյուղը գտնվում է Սուջա քաղաքից մոտ 20 կմ հյուսիս։
Ուկրաինական զորքերը Կուրսկի մարզ են ներխուժել օգոստոսի 6-ին։ Ըստ նահանգապետ Ալեքսեյ Սմիրնովի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացված զեկույցի՝ օգոստոսի 12-ի դրությամբ ուկրաինական ուժերի վերահսկողության տակ էր գտնվում 28 բնակավայր։ Այդ ժամանակվանից Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է 14 բնակավայրերի ազատագրման մասին։