Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել «Ճանաչել լավագույններին, խանդավառել հաջորդներին» կարգախոսով հոբելյանական մրցանակաբաշխությանը, որը նվիրված է «Սինոփսիս Արմենիա»-ի 20-ամյակին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Հանդիսավոր երեկոյի ընթացքում ներկայացվել են ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր, որոնք իրականացվել են Հայաստանի Կառավարության, կրթական համակարգի և բիզնես ու հասարակական կազմակերպությունների հետ։ Այս տարի 20-րդ անգամ ամենամյա կրթական պարգևների են արժանացել «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևի» մրցանակաբաշխության 37 հաղթողներ՝ 31 ուսանող և 6 աշակերտ: Մրցանակները հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը շնորհավորել է «Սինոփսիս Արմենիա» ընկերությանը 20-րդ տարեդարձի առիթով և նշել, որ այն կարևոր իրադարձություն է և՛ «Սինոփսիս Արմենիա» ընկերության, և՛ «Սինոփսիս» ընկերության, և՛ Հայաստանի Հանրապետության համար: Կառավարության ղեկավարը նշել է, որ ընկերությունը Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի առաջատարներից է, որը ստեղծել է նոր աշխատանքային միջավայր, նոր աշխատանքային մշակույթ, նոր աշխատանքային հարաբերություններ:
Վարչապետի խոսքով՝ ընկերությունն աշխատանքը համադրել է ստեղծագործության, ստեղծարարության հետ, անընդհատ խրախուսել է առողջ ապրելակերպը, բնապահպանական ընկալումը, սոցիալական պատասխանատվությունը և, որն ամենակարևորն է, անընդհատ քաջալերել է կրթությունը և փորձել աջակցել տաղանդավոր մարդկանց:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է.
«Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր մարդ բացառիկ տաղանդ է, յուրաքանչյուր երեխա բացառիկ տաղանդ է: Այլ բան, թե որքանով է նրանց կամ նրանց միջավայրին հաջողվում բացահայտել այդ տաղանդը, առնչակցել յուրաքանչյուր երեխայի իր ունեցած բացառիկ տաղանդի հետ: Կրթությունն իմ գնահատմամբ և ընկալմամբ հենց այդ գործիքն է՝ մարդուն առնչակցել սեփական տաղանդի հետ, մարդուն հնարավորություն տալ ճանաչել սեփական հնարավորությունները, ընդլայնել այդ հնարավորոթյունները, օգտագործել այդ հնարավորությունները ստեղծարար նպատակներով»:
Վարչապետը կարևորել է «Սինոփսիս»-ի դերը նաև կրթության նկատմամբ վերաբերմունքը փոխելու իմաստով և ընդգծել, որ այսօր էլ Հայաստանում առկա է կրթության նկատմամբ վերաբերմունքը փոխելու շատ կարևոր խնդիր՝ բակերում, գյուղերում, թաղամասերում, ընդհուպ՝ բուհերում: Նիկոլ Փաշինյանը շեշտել է ՝ սա կարևոր և ազգային անվտանգության խնդիր է.
«Անվտանգության ամենակարևոր բաղադրիչը սեփական երկրում մարդկանց, երեխաների, ուսանողների չափահաս քաղաքացիների պոտենցիալը, տաղանդը, հնարավորությունները բացահայտելը և այդ բացահայտված հնարավորությունը և տաղանդը, ինչպես ընդունված է ասել՝ ավելացված արժեքի վերաձևակերպելն է: Եվ հենց սա է այն խնդիրը, որը համապետական է, և այս առումով Կառավարությունը գործընկեր է համարում բոլոր այն ընկերություններին, բոլոր այն անհատներին, որոնք հենց այս տրամաբանությունն են դնում իրենց գործունեություն հիմքում, սրան կարևոր նշանակություն են տալիս»: Կառավարության ղեկավարի խոսքով՝ ցանկացած գործի ամենակարևոր արդյունքն այն ժառանգությունն է, որը պետք է ձևավորվի դրանից հետո. «Եվ շատ կարևոր է լինեն մարդիկ, ովքեր վերցնեն այդ էստաֆետը և անեն ավելին, քան արվել է իրենցից առաջ: Եվ այսօրվա մրցանակաբաշխությունը, թերևս, հենց դա է նշանակում»:
ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևը հիմնվել է 2005 թ-ին՝ նպատակ ունենալով ճանաչել լավագույններին և խանդավառել հաջորդներին՝ ընտրելու ՏՏ ոլորտը, որպես ամենաարագ աճող և աշխատուժի անընդհատ աճող պահանջարկ ունեցող ոլորտ։ Մինչ օրս այս պարգևին արժանացել է 642 ուսանող և աշակերտ:
«ՏՏ ոլորտում ամենամյա կրթական պարգևի» հաղթողները 2008թ․-ին հիմնել են «Հաղթողների ակումբ»-ը, որի անդամներից շատերն այսօր Հայաստանի բիզնեսի և գիտության առաջատարներ են, ՏՏ ոլորտի ստարտափերի հիմնադիրներ: «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևի» հովանավորը «Սինոփսիս Արմենիա» ընկերությունն է։