ՔՊ-ն մերժեց Արուսյակ Ջուլհակյանին, Արփի Դավոյանին և մյուսներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության դռնփակ նիստը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, պետք է որոշվեր ՀՀ Արդարադատության նախարարի նշանակման հարցը:

Նիստը պետք է երեկ կայանար, սակայն Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցի պատճառով այն հետաձգվել էր:

ArmLur.am-ի աղբյուրները հայտնեցին, որ քիչ առաջ ավարտված փակ նիստի ընթացքում Արդարադատության նախարարի հարցում իշխող ուժի ղեկավար կազմը մերժել է բոլոր թեկնածուներին:

Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ ՔՊ-ն նախարարի տարբեր թեկնածուներ է քննարկել՝ Արփի Դավոյան, Արուսյակ Ջուլհակյան, Վլադիմիր Վարդանյան, Հերիքնազ Տիգրանյան, քննարկվել է նաև Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը։ Նրանց թեկնածությունները քվեարկվել են և մերժվել:

ArmLur.am-ն իր աղբյուրներից տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտնել է, որ գոհ է Գրիգոր Մինասյանի աշխատանքից և պետք է արժանի թեկնածու գտնել:

Ինչպես արդեն ArmLur.am-ը հայտնել է, Արփի Դավոյանի լոբբինգով ՔՊ-ում զբաղվում էր հենց ինքը՝ Դավոյանը, որի բաղձալի երազանքն է արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնելը, ինչպես նաև նրա մտերիմ Անդրանիկ Քոչարյանը։ Բայց նրանք պարտվեցին իրենց թիմի ներսում:

ArmLur.am-ի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ հայտարարվել է, թե մինչեւ վարչության՝ մյուս երեքշաբթի կայանալիք նիստը ՔՊ-ից կարող են նոր թեկնածուներ առաջադրել:

Հավելենք, որ պաշտոնական տեղեկության համաձայն, հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են կադրային բնույթի հարցեր։




Լրահոս