«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատավոր Դավիթ Հարությունյանը, որի լիազորությունները մեկ տարի առաջ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է, դիմել է ԲԴԽ՝ իր գործը վերանայելու պահանջով։
Հիշեցնենք, որ 2023 թվականի հուլիսի 3-ին Բարձրագույն դատական խորհուրդը որոշել էր դադարեցնել դատավորի լիազորությունները՝ լրատվամիջոցներին տված հարցազրույցի համար։ ԲԴԽ-ն նիստը դռնփակ էր անցկացրել՝ պնդելով, թե դա բխում է արդարադատության շահից։
Ավելին՝ Խորհուրդը որոշել էր Հարությունյանին հեռացնել նիստերի դահլիճից, եւ սա այն դեպքում, երբ դատավորը դեռեւս չէր հասցրել իր կարգապահական գործի վերաբերյալ դիրքորոշում հայտնել՝ չնայած բազմիցս պնդել էր, որ դիրքորոշում ներկայացնելու է։ Այն պահին, երբ դատավորին հեռացրել են նիստերի դահլիճից, այնտեղ ներկա չեն եղել նաեւ դատավորի փաստաբանները. ԲԴԽ որոշումից հետո Հարությունյանը դիմել էր Սահմանադրական դատարան, եւ Բարձր դատարանը մայիսի 21-ին որոշում է կայացրել, որ այս գործով հրապարակայնության սկզբունքին, դատական սանկցիա կիրառելուն վերաբերող նորմերը ԲԴԽ-ն Հարությունյանի նկատմամբ այլ մեկնաբանությամբ է կիրառել։ Դատական օրենսգրքի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի վերանայելու դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին իր որոշումը նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով: Տվյալ դեպքում Սահմանադրական դատարանի որոշումը նոր հանգամանք է։ Օրենքով սահմանվում է նաեւ, որ Բարձրագույն դատական խորհրդի որոշումը վերանայելու դիմումը կարող է ներկայացվել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցած մարմնի կամ այն դատավորի կողմից, որի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում է կայացվել։ Այս դեպքում Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցած մարմինն արդարադատության նախարարությունն է, որը ՍԴ-ի որոշումից հետո չի դիմել Բարձրագույն դատական խորհուրդ՝ վերանայման հարցով, այլ դիմումը ներկայացրել է Դավիթ Հարությունյանը։
Արդյունքում, Դավիթ Հարությունյանի գործը այս պահին ԲԴԽ-ում է եւ դատավորի կողմից ՀՀ ԲԴԽ է ներկայացվել պատճառաբանված միջնորդություն` իր դիմումի քննությունը բանավոր, դռնբաց դատական նիստում անցկացնելու վերաբերյալ:
Սակայն ԲԴԽ-ն նիստը անցկացնում է դռնփակ, եւ հիմա (խմբ.) դատավորի փաստաբանական խումբը գտնվում է ԲԴԽ-ի դիմաց՝ պահանջելով բացել ԲԴԽ նիստերի դահլիճի դռները եւ նիստը անցկացնել հրապարակային։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՈՎ Է ՔՆՆԵԼՈՒ «ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ԴԵՊՔԻ» ՎԱՐՈՒՅԹԸ
Ինչպես արդեն «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր՝ ՀՀ քննչական կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով:
Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթին հաստատեց փաստաբան Արայիկ Պապիկյանը՝ հայտնելով, որ նախաքննության ավարտ է հայտարարվել, ու գործն ուղարկվել է դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: Գործը արդեն դատարանում է, եւ այն քննելու է դատավոր Ժորա Չիչոյանը։
Նշենք, որ դատավոր Չիչոյանի հայրը Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանն է։ Դատավոր Ժորա Չիչոյանը կալանքի որոշում կայացրեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Մարտիրոսյանի մասով, որը խնդիր էր ունեցել վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի հետ, ու նրան տարավ կալանքի:
Նշենք, որ վարչապետի կնոջ գործով միակ մեղադրյալը 67 տարեկան տարեց պապիկ, ԱԺԲ անդամ Տիգրան Դրմեյանն է: Նա շարունակում է մնալ միակ մեղադրյալն, ու գործը գնում է դատարան, տեսնենք, թե ինչ կլինի դատարանում:
Հիշեցնենք, որ 2024թ. ապրիլի 24-ին՝ «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի եւ նրա դստեր ներկայությամբ «Ազգային ժողովրդավարական բեւեռի» անդամները բղավել էին՝ «դավաճան», «հողատու»։ Միջադեպից հետո 7 անձ ձերբակալվել էր։ Արդյունքում, մի խումբ անձանց կողմից առերեւույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու, եւ հաղորդակցային-տեղեկատվական մի քանի միջոցներով տարածելու գործողությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության՝ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՍԱՆԵՐ ԵՆ ՓԱԽԵԼ ՄԱՆԿԱՏՆԻՑ
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 3-ին իրավապահներին է ահազանգել Տաթեւիկ Թովմասյանը, որը հանդիսանում է Կոտայք գյուղում գտնվող «Սոս մանկական գյուղի» այլընտրանքային խնամքի ղեկավարը:
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ նա հայտնել է, որ ժամը 5-ի սահմաններում նշված մանկատան սաներ Ա.Ն-ն եւ Մ.Բ-ն դուրս են եկել մանկատնից եւ այլեւս չեն վերադարձել:
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների՝ մանկատան սաները գրություն են թողել եւ հայտնել են.
«Ես փախնում եմ ու հետ չեմ գալու, եթե ինձ փնտրեք ուրեմն իմացեք, որ չեք գտնի»:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մանկատան ղեկավարի դիմումը ուղարկվել է Աբովյանի քննչական բաժին։
Նյութերը՝ Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
ԵՐԵԽԱՅԻ ԱՌԵՎԱՆԳՄԱՆ ՓՈՐՁԻ ԳՈՐԾՈՎ
Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երեւան քաղաքի բնակիչ 57-ամյա անձը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով մոտենում է միասին քայլող 11 եւ 12 տարեկան երկու երեխայի եւ հորդորելու, համոզելու եղանակով փորձում նրանց նստեցնել իր ավտոմեքենան: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեն։
57-ամյա անձի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 44-191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), հանրային քրեական հետապնդում է հարուցվել, եւ նրան ներկայացվել է մեղադրանք։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Քննության ընթացքում հարցաքննվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող բոլոր դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենները՝ պարզելու համար իրենց հաստատություններից երեխայի առեւանգման կամ դրա փորձ եղե՞լ է, թե՞ ոչ, եւ նման դեպքի վերաբերյալ տվյալներ չեն ստացվել:
ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«2024թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ ՊՆ Վարդենիսի ՌՈ բաժնից ստացվել է առերեւույթ հանցագործության մասին պատշաճ հաղորդումն այն մասին, որ նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրետանային դիվիզիոնի կրակային դիրքից մոտ 30 մետր հեռավորության վրա հայտնաբարվել է նույն դիվիզիոնի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված առերեւույթ հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, ձեւավորվել է քննչական խումբ:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական եւ վարութային այլ գործողություններ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են համապատասխան փաստաթղթերը, կատարվել է դիակի արտաքին զննություն, փորձագետների մասնակցությամբ վերցվել են փորձանմուշներ։ Նշանակվել է դիակի դատաբժշկական, դատագենետիկական, դատաձգաբանական, դատաթմրաբանական փորձաքննություններ։ Հարցաքննվել են ինչպես դեպքի օրը, այնպես էլ դրանից առաջ կրակային դիրքում ծառայություն իրականացրած զինծառայողները։
Հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն՝ դեպքի իրական հանգամանքները եւ վարույթի համար այլ նշանակություն ունեցող տեղեկություններ ձեռք բերելու նպատակով»: