ՀԱՄԱՐՈՒՄ Է՝ ՇԱՐԺՈՒՄԸ ՎԱՂՈՒՑ Է ՄԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում քաղաքական գործիչ, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը, արձագանքելով իր հասցեին հնչած մեղադրանքներին, թե իր քայլերի պատճառով է Սրբազան պայքարը մարում, նշել է. «Շարժումը դեռեւս մայիսի 9-ից հետո է մարել», եւ պնդում է, որ այդ ամենը եղել է խորհրդարանական ընդդիմության պատճառով:

 

Ըստ Սուրեն Պետրոսյանի՝ խորհրդարանական ընդդիմությունն անում է ամեն բան, որպեսզի Հայաստանում իշխանափոխություն չլինի:

 

-Պարո՛ն Պետրոսյան, մինչ օրս շատ է քննարկվում «Տավուշը հանուն հայրենիքի» ընդդիմադիր շարժումից Ձեր տարանջատվելը: Թե՛ շարժման անդամներն են մեղադրանքներ հնչեցնում, թե՛ Դուք եք նրանց մեղադրում: Ձեր հասցեին ուղղված հիմնական մեղադրանքն այն է, որ շարժումը լքելը իշխանությանը առիթ տվեց բարձրաձայնելու, թե նույնիսկ շարժման ներսում համախմբում չի եղել: Ինչպե՞ս կարձագանքեք այս մեղադրանքներին: Խոսքը հատկապես վերաբերում է նախկին նախագահների ներկայության մասին պնդումներին ու այդ երեւույթին Ձեր արձագանքին:

-Ես բազմաթիվ անգամ եմ արձագանքել, գիտեք՝ ամենակարեւորը որն է, որ այդ տարանջատումը եղել է ոչ թե հունիսի 12-ից, կամ շարժման որեւէ այլ փուլում, այլ եղել է 2021 թվականից, 2020 թվականից: Այնքան ժամանակ, ինչքան որ զբաղվում եմ քաղաքական գործունեությամբ, իմ խոսույթում միշտ եղել է դա:  Այս ողջ ընթացքում իմ մոտեցումը երբեք չի փոխվել: Ես սրա մասին բազմիցս ասել եմ: Մարդիկ հաճախ ասում են՝ «Գիտեիք, որ այս մարդիկ ներգրավված են, ինչո՞ւ ձայն չէիք հանում»:

Ես շատ եմ կրկնել, որ պայմանավորվածությունը եղել է հետեւյալը, որ բոլորը կարող են մասնակցել, քանի որ սա համազգային շարժում է, սակայն  որեւէ մեկը որոշումների ընդունման հարցում չի կարող շարժման վրա ազդեցություն ունենալ: Որպես պլատֆորմ՝ որեւէ մեկը չի կարող դերակատարում ունենալ, իսկ մասնակից կարող են եւ պարտավոր են լինել բոլորը: Այս շեղումները ընթացքում են ի հայտ եկել: Ինձ հաճախ մեղադրում են, որ ավելի շուտ չեմ խոսել այս մասին, սակայն եթե ես մայիսի կեսին դա անեի, երբ շարժումն իր բարձրակետին էր, ապա քանդվելու էր ամեն բան, հետեւաբար, ձայն չեմ հանել: Բացի այդ, պառլամենտական ընդդիմության կողմից եղել է նախապես ծրագրված սցենար: Փակ հանդիպումների ժամանակ այնպիսի ինտրիգներ էին լինում, որ ինձ դրդեին նրան, որ հաջորդ օրը հայտարարեի՝ շարժմանը չեմ մասնակցում:

-Հանդիպումները Բագրատ սրբազանի ներկայությա՞մբ են եղել:

-Տարբեր ձեւաչափերով են եղել: Եվ այդ իրավիճակների նպատակը դուրս գալու մասին իմ հայտարարությունն էր: Դրանով լուծվում էր երկու խնդիր. առաջին՝ շարժումը անպայման կտապալվեր՝ վերադառնալով նախկին ստատուս քվոյին, որտեղ խորհրդարանական ընդդիմությունը ունի որոշակի կենսունակություն: Այդպիսով, քավության նոխազը կդառնայի ես, եւ այդ սցենարը չստացվեց մինչեւ հունիսի 12-ը, երբ շարժում, որպես այդպիսին, արդեն չկար:

Շարժման տապալումը ինձնով պայմանավորող մարդիկ ինչո՞ւ չեն մտածում, թե ինչու մայիսի 9-ին ժողովուրդը գնաց տուն: Մայիսի 9-ին բոլորը սարսափած էին, քանի որ իշխանափոխությունից մեկ էր պակաս: Եվ հետաքրքիրն այն է, որ ավելի շատ սարսափած էր խորհրդարանական ընդդիմությունը, քան իշխանությունը, քանի որ չէր պատկերացնում, թե նոր ձեւավորվող գործընթացի մեջ իրենց տեղն ու դերը ինչ է լինելու: Իշխանությունը գոնե գիտեր նման դեպքում ինչ էր անելու, մի մասը հեռանալու էր երկրից եւ այլն, իսկ ընդդիմությունը չգիտեր, թե ինչ է անելու: Հենց այս ամենի համար էլ ցանկացել են օգտագործել իմ կոմպոնենտը:

Եվ երկրորդ՝ իրենք կչեզոքացնեին մեկին, ով իրենց վերահսկողությունից դուրս էր բոլոր առումներով:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 228

2018 թվականի հուլիսի 10-ին ՀՀ կառավարությունում անցկացված խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մեր կառավարության օրոք կասկածելի որակով ճանապարհ չպետք է կառուցվի»:

Սակայն, իրականում, Հայաստանում թեեւ ճանապարհների ասֆալտապատման մեծ ծրագրեր են իրականացվում, բայց այդ ասֆալտը շատ արագ շարքից դուրս է գալիս։ Անգամ վերակառուցված ճանապարհները վերակառուցումից ամիսներ անց դառնում են ոչ պիտանի։

Մասնավորապես, 2020 թվականի պատերազմից հետո Գորիս-Կապան մայրուղին թշնամուն հանձնվեց, եւ վարորդներին հատկացրին Տաթեւ-Աղվանի վերանորոգված շրջանցիկ ճանապարհը։ Սակայն այն չդիմացավ անգամ կես տարի։ 11.08.2022թ. կառավարությունը լրացուցիչ գումար հատկացրեց Սյունիքի Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանքային Տաթեւ-Աղվանի ճանապարհի վերակառուցման համար։ Նիկոլ Փաշինյանն արդարացավ, թե՝ ճանապարհը նախատեսված չէր բեռնատարների համար, միջհամայնքային ճանապարհ էր, եւ այլն։

26.07.2023թ. խորհրդարանում քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանին դիմելով՝ ասաց. «Անկեղծ՝ կապված վերջին երեք տարիներ հետ, երբ ես հետեւում եմ ասֆալտապատմանը Հայաստանում, եկել եմ այն եզրահանգման, որ պետությունն ուղղակի ավել փող ունի, ուղղակի փող է ծախսում՝ աշխատանք ապահովելու, չգիտեմ՝ աշխատանք ցույց տալու։ Փակ քննարկում է, մենք մերոնցով ենք, ասեմ էլի, որովհետեւ ամենաուշը երկու ամիս հետո ասֆալտը գոյություն չունի»։

ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանն ընդհատեց՝ հուշելով, որ իրենք իրենցով չեն, ուղիղ եթեր է։ Նարեկ Ղահրամանյանը զարմացած հարցրեց՝ «ուղիղ եթե՞ր է»։ Թունյանը ասաց, որ լրագրողները լուսաբանում են, եւ անհարմար բացահայտում ստացվեց։

 

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԱԺ՝ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը, որին սեպտեմբերի վերջին հավանություն է տվել Սահմանադրական դատարանը, ուղարկվել է Ազգային ժողով՝ վավերացման։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ այդ քննարկումների ընթացքում կառավարության ներկայացուցիչը փոխվարչապետ, սահմանազատման հայկական հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը կլինի:

Կանոնակարգը սահմանված ժամկետից երկու ամիս ուշ ստորագրվեց, տեքստը հրապարակվեց դրանից միայն երկու օր հետո: Գործադիրը պարզաբանեց, թե բովանդակության գաղտնազերծման ուշացումը կապված է նաեւ Ադրբեջանի հետ գործընթացը հնարավորինս սինխրոնացնելու անհրաժեշտության հետ:

Ըստ այս փաստաթղթի՝ Երեւանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի՝ Ալմաթիի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգում նշվում է՝ գործընթացը հնարավոր է հետագայում՝ խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, այլ սկզբունքներով ընթանա։

Կանոնակարգը 7 հոդված ունի, հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկակական տվյալներ են, ընդհանրական ձեւակերպումներ։

Նշենք, որ Ադրբեջանում կանոնակարգի տեքստը չի հրապարակվել եւ այն որեւէ ընթացակարգ դեռ չի անցել:

ԱԺ-ում այս հարցով զեկուցող է նշանակվել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ կանոնակարգը ստորագրվել է օգոստոսի 30-ին, իսկ ՍԴ-ն սեպտեմբերի 26-ի որոշմամբ հաստատել էր, որ այն համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը։

 




Լրահոս