Հայաստանում այս պահին ստեղծվել է մի իրավիճակ, երբ քաղաքական անցուդարձը բավական լարված է: Իշխանությունը ցանկանում է խուսափել խնդրահարույց ծրագրերից եւ կենտրոնանալ 2026 թվականին սպասվող հերթական ընտրությունների վրա, ինչի համար էլ ամեն կերպ աշխատանք է տանում՝ հասարակության շրջանում իրենց իմիջը բարձրացնելու նպատակով: Ընդդիմությունն էլ իր հերթին տարբեր հանդիպումների եւ քննարկումների ընթացքում բարձրաձայնում է երկրում առկա խնդիրները, միանում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած Սրբազան պայքարին:
Այս ամենի հետ մեկտեղ արդեն մեկ տարի է անցել Արցախի հայաթափումից եւ ավելի քան 120 հազար արցախցիների բռնի տեղահանումից, սակայն Հայաստանի Հանրապետության տարածքում բնակություն հաստատած բազմաթիվ արցախցիներ շարունակում են բախվել կենցաղային, փաստաթղթային եւ բազմաթիվ այլ խնդիրների:
Այս եւ այլ թեմաներով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի հետ՝ իր առաջիկա անելիքների, Բագրատ սրբազանի հետ պայքարի եւ իր անձնական խնդիրների մասին։
Խոսելով իր զբաղմունքի եւ առաջիկա ծրագրերի մասին՝ Վահան Բադասյանը նշեց. «Ապրում եմ այնպես, ինչպես բոլոր տուն չունեցող արցախցիները: Եթե տարեկան մի քանի տեխնիկա պակաս գնեի, Երեւանում տուն կունենայի, սակայն չեմ զղջում: Այն ժամանակ Երեւանում տուն ունենալը դիտվում էր որպես պահեստային հնարավորություն՝ Արցախը թողնելու դեպքում: Ես այդպես չէի մտածում եւ ճիշտ էլ անում էի: Եթե նորից հնարավորություն ունենայի, ապա կրկին նույնը կանեի»:
Նա հավելեց, որ Երեւանում ունեցած իր տունը 2004 թվականին վաճառել է եւ գումարն ավելացրել իր ունեցած գումարին՝ ալրաղաց գնելու եւ Արցախ տանելու համար: Այս պահին Վահան Բադասյանը իր 8 հոգանոց ընտանիքով ապրում է վարձով բնակարանում, որի համար նաեւ պետությունից գումար են ստանում. նախատեսված է՝ անձը 50 հազարական դրամ: Այս պահին Արցախի ԱԺ նախկին պատգամավորը չի աշխատում, փորձերն ապարդյուն են անցել. «Պաշտոն չեմ փնտրում, գործարարության փորձ ունեմ եւ փորձում եմ այդ տիրույթում աշխատել կրկին»:
Խոսելով դժվարությունների մասին՝ Վահան Բադասյանը նշել է, որ ինքն ու իր սերունդները ապրելու են Հայաստանում եւ արտագաղթի մասին անգամ խոսք լինել չի կարող:
Անդրադառնալով արցախցիների միասնական ուժ ստեղծելուն եւ միասնական ճակատով Սրբազան պայքարին միանալուն՝ Վահան Բադասյանը մատնանշեց, որ դա շատ բարդ հարց է: Նա հավատացած է, որ վերջնարդյունքը լավ է լինելու, սակյան ոչ այս իշխանության օրոք:
«Այսօրվա իշխանությունների օրոք ոչինչ չի ստացվի փրկել, քանի որ խաղաղություն մուրացողները միայն պատերազմ ու ցավ են ստանում», – շեշտեց Բադասյանը՝ հավելելով, որ այ պահին հայկական կողմն ամեն բան անում է, որ մորթվի:
Բադասյանը նշեց՝ հաջորդ քաղաքական ուժն իրեն պետք է զերծ պահի նախկին իշխանավորներից եւ օբյեկտիվ գնահատականներ տա նախկինների գործողություններին, որոնց շարքից զարմանալիորեն դուրս է մնացել Լեւոն Տեր-Պետրոսյանը:
«Ես տեսել եմ դա, սա պարզապես կարծիք չէ: Նա ավելի մեծ ավերածություններ է արել, քան հաջորդ նախագահներն են արել այս երկրի համար: Ավերածությունների հիմքում հզոր սովետական Հայաստանի արդյունաբերական պոտենցիալի ոչնչացումն է, որը սկիզբն է եղել: Լոկ երկու տարում փոշիացրել է ամեն բան եւ հաջորդ նախագահները արդեն այդ հնարավորությունը չեն էլ ունեցել», – ասաց Վահան Բադասյանը:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստ կանի։ Օրակարգային հիմնական հարցը լինելու է արդարադատության նախարարի ընտրությունը։ Այժմ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե ինչ ունեցվածք ունեն արդարադատության նախարարի թեկնածուները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ՔՊ-ում նախարարի տարբեր թեկնածուների անուններ են քննարկվել՝ Արփի Դավոյան, Արուսյակ Ջուլհակյան, Վլադիմիր Վարդանյան, Հերիքնազ Տիգրանյան, քննարկվել է նաեւ Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը։
Թեկնածուների ցանկը, սակայն, գնալով սեղմվել է, քանի որ մեծ մասը՝ Վլադիմիր Վարդանյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Սիսակ Գաբրիելյանը, հրաժարվել են առաջադրվել այդ պաշտոնին։
Արդյունքում, երկու թեկնածուների շուրջ է ընթացել քննարկումը՝ Արուսյակ Ջուլհակյան եւ Արփի Դավոյան, թեեւ վերջինս առհասարակ կապ չունի իրավաբանության եւ արդարադատության հետ։
Այսպիսով, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը 2021 թվականին ձեռք է բերել մեքենա HYUNDAI մակնիշի։ Նա անշարժ գույք չի հայտարարագրել։ Նրա՝ 2023 թվականի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 71 մլն 479 հազար դրամ։ ԱԺ աշխատակազմից Դավոյանը աշխատանքի վարձատրություն է ստացել 9 մլն 995 հազար դրամ։
Դավոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է։
Հաջորդ թեկնածուն ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն է, նա անշարժ գույք եւ ավտոմեքենա չի հայտարարագրել։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 21 մլն 546 հազար դրամ։ ԱԺ աշխատակազմից Ջուլհակյանը աշխատանքի վարձատրություն է ստացել 10 մլն 482 հազար դրամ։ Ջուլհակյանն ունի նաեւ հիփոթեքով ձեռք բերված բնակարան եւ ավտոկայանատեղի, որի մայր գումարի մնացորդի արժեքը կազմել է 25 մլն 933 հազար դրամ։ Արուսյակ Ջուլհակյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԱՅՑԵԼԵԼ Է ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ
Արման Թաթոյանն Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ այցելել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդարան: Տեղի է ունեցել հանդիպում թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։
Հանդիպմանը քննարկվել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրներին։
ԿՐԻՊՏՈԱՐԺՈՒՅԹ ԵՆ ՎԱՃԱՌՈՒՄ
«Սրբազան պայքար» շարժումը հայտարարություն է տարածել, որում նշվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ մեզ համար անհայտ մարդիկ Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անվամբ կրիպտոարժույթ են ստեղծել եւ զբաղվում են դրա վաճառքով՝ իբր թե ի աջակցության մեր պայքարի։
Հայտնում ենք, որ այդ կրիպտոարժույթի հետ որեւէ առնչություն չունենք, չգիտենք՝ ովքեր եւ ինչ նպատակով են իրականացնում դրա վաճառքը։
Հորդորում ենք զգույշ լինել համացանցում եւ Սրբազան Պայքարի նախաձեռնությունների մասին տեղեկություններ ստանալ բացառապես մեր պաշտոնական էջերից»։