Երեկ՝ երեկոյան, Երեւանում կայացավ Ռուբեն Վարդանյանին նվիրված գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը։ Այն գիրք-կոչ է` հանուն արդարության եւ Ռուբեն Վարդանյան մարդու ազատության։
Գրքում հեղինակներ Վլադիսլավ Գասումյանովը եւ Ալինա Գասումյանովան ցանկացել են ցույց տալ ոչ թե այն, թե ինչ գործեր է արել Ռուբեն Վարդանյանը, այլ այն, թե ինչու է արել այդ ամենը։
Շնորհանդեսի ընթացքում գրքի թարգմանիչ Նարինե Կռոյանը նշեց, որ գրքի թարգմանչական ընթացքն իրեն մեծ բավականություն է պատճառել։
Խոսելով գրքի թարգմանչական աշխատանքի մասին՝ նա նշեց, որ սկզբում հպարտություն է զգացել` թարգմանելով գիրք մի մարդու մասին, ով «աշխարհի որդին է, մարդ, ով երբեք չի նահանջել»։
«Կարծում եմ՝ նա Արցախ գնաց, քանի որ իր առաքելությունն էր համարում լինել այնտեղ, որտեղ իր կարիքն ունեն», – ասաց թարգմանիչը եւ հավելեց. «Գրքի վերջում հասկացա, որ նա մեզ մեկ խորհուրդ է տալիս։ Այն է` գալու է մի օր, երբ յուրաքանչյուրս սկսելու է հավաքել քարեր` կառուցելուու մեր աշխարհը»։
Նշենք, որ գրքի բնօրինակը ռուսերեն է, եւ շնորհանդեսը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ Մոսկվայում։
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԱԶՆԱՎՈՒՐԸ՝ ՌՈԺԵ ԿԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՉՔԵՐՈՎ
Ֆրանսիայում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված Ֆրանկոֆոնիայի ավանում կայացավ հայազգի անվանի լուսանկարիչ Ռոժե Կասպարյանի լուսանկարների ցուցադրությունը՝ նվիրված Շառլ Ազնավուրին՝ «Ազնավուրը՝ Ռոժե Կասպարյանի աչքերով» խորագրով:
Ռոժե Կասպարյանը ֆրանսիական հասարակության լայն շրջանակներում հայտնի է դարձել հատկապես 60-ական թվականների ինչպես ֆրանսիացի, այնպես էլ անգլոսաքսոն աշխարհահռչակ աստղերի իր լուսանկարներով, որոնց համար արժանացել է «60-ական թվականների լավագույն հայացք» տիտղոսին։ Նրա օբյեկտիվում հավերժացել են Բիթլզը, Ռոլինգ Սթոունզը, Էդիթ Պիաֆը, Ժակ Բրելը, Սերժ Գենսբուրգը, Ջոնի Հոլիդեյը, Սիլվի Վարդանը եւ այլք։
Շառլ Ազնավուրին նվիրած մի քանի տասնյակ լուսանկարներներ ներառող տպավորիչ շարքը հանդիսանում է աշխարհահռչակ արտիստի կյանքի յուրօրինակ հետագիծ՝ նրա հարուստ եւ երկարամյա ստեղծագործական ուղու՝ հավերժացված բազում հուզիչ եւ խորհրդանշական պահերով:
Ցուցադրության կապակցությամբ ավանում անցկացվեց քննարկում, որի ժամանակ խոսքով հանդես եկան Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը եւ Ռոժե Կասպարյանի դուստրը՝ լուսանկարիչ Լիդիա Կասպարյանը: Քննարկմանը ներկա էր նաեւ ՀՀ ԿԳՄՍՆ փոխնախարար Դանիել Դանիելյանը:
Իր խոսքում դեսպան Տոլմաջյանը խորհրդանշական համարեց Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ ֆրանսահայ մեծանուն արտիստին նվիրված ցուցադրության անցկացումը Ֆրանկոֆոնիայի ավանի շրջանակներում՝ ընդգծելով նրա մեծ հռչակը ֆրանկոֆոն աշխարհում, «ֆրանսերեն լեզվի դեսպան» պատվավոր տիտղոսին արժանանալը՝ ֆրանսերեն լեզվի տարածմանը բերած իր մեծ նպաստի համար, ինչպես նաեւ այն բացառիկ դերակատարությունը, որ իրեն միաժամանակ՝ 100 տոկոս հայ եւ 100 ֆրանսիացի համարող աշխարհահռչակ երգիչն ունեցել է հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում։
Դեսպանը բարձր գնահատեց նաեւ ֆրանսահայ անվանի լուսանկարիչ Ռոժե Կասպարյանի հարուստ եւ ինքնատիպ լուսանկարչական ժառանգությունը, որը հատկապես վերջին տարիներին, համալրվել է Հայաստանին, հայկական բնաշխարհին եւ պատմամշակութային ժառանգությանը նվիրված հարուստ լուսանկարչական անդրադարձերով։
Ցուցադրությանը զուգահեռ Ֆրանկոֆոնիայի ավանի հայկական տաղավարում ներկայացվեց նաեւ Հայաստանի մշակութային ժառանգությունը՝ եռաչափ սկանավորման միջոցով: Հպման էկրաններով եւ վիրտուալ իրականության սաղավարտներով «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հնրավորություն ընձեռեց ավանի այցելուներին նորագույն տեխնոլոգիաների միջոցով տեսնելու եւ ճանաչելու Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը:
Ֆրանկոֆոնիայի ավանի շրջանակներում ելույթով հանդես եկավ նաեւ ֆրանսահայ «Երազ» համույթը՝ ներկայացնելով հատվածներ Շառլ Ազնավուրին եւ Հայաստանին նվիրված պարային ներկայացումներից:
ՊԼԱՍԻԴՈ ԴՈՄԻՆԳՈՅԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է օպերային արվեստի լեգենդ, մեր ժամանակների աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյին: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:
Ճանաչված արտիստը հոկտեմբերի 8-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես է գալու համերգով:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել նշանավոր արտիստին՝ ընձեռած բացառիկ հնարավորության համար:
Համաշխարհային երաժշտարվեստի, ինչպես նաեւ Երեւան քաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Տիգրան Ավինյանը երաժշտարվեստի աշխարհահռչակ գործչին պարգեւատրել է Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով: