Ֆրանսիացի երգչուհի, երգերի հեղինակ Էդիթ Պիաֆը կամ կրքի, ռոմանտիզմի, խարիզմայի մարմնացումը մինչ օրս շարունակում է հիացնել իր ձայնով, կերպարով ու կեցվածքով։
Ցավոք, երգչուհին մեր օրերում ֆիզիկապես չի շարունակում իր գոյությունը, սակայն իր երգերը իր կենդանի վկայությունն են։
Այսօր երգչուհու հիշատակի օրն է։
ArmLur.am-ը ներկայացնում է երգչուհու կյանքից հետաքրքիր պատմություն։
Էդիթ Պիաֆի կյանքը լի էր սկանդալային և դրամատիկ դեպքերով, որոնք նպաստել են վերջինիս հանրային կերպարի ձևավորմանը: Նրա ամենասկանդալային պատմություններից մեկը կապված է եղել նրա անձնական և սիրային կյանքի հետ։
Պիաֆն ուներ բազմաթիվ սիրավեպեր, որոնցից մեկը մեծ աղմուկ բարձրացրեց նրա հարաբերությունների վերաբերյալ ֆրանսիացի բռնցքամարտիկ Մարսել Սերդանի հետ։ Բանն այն է, որ Սերդանը ամուսնացած էր, և նրանց սիրավեպը համարվեց սկանդալային այն ժամանակվա հասարակության համար։ Չնայած հարաբերությունների գաղտնիությանը, նրանք խիստ կապված էին, և նրանց սիրային կապը հայտնի դարձավ լայն հանրության շրջանակում։
Սերդանը 1949 թվականին զոհվեց ինքնաթիռի կործանման հետևանքով, երբ ուղևորվում էր Նյու Յորք՝ հանդիպելու Պիաֆին։ Այս կորուստը խորը հարված էր Պիաֆին, և նրա կյանքն այդ դեպքից հետո նորից ընկղմվեց ալկոհոլի ու թմրամիջոցների մեջ, ինչը միայն խորացրեց իր արդեն իսկ դժվարություններով լի կյանքը, քանի որ բացի սիրային դրամաներից Պիաֆը պայքարել է կախվածությունների, առողջական խնդիրների դեմ։
Պիաֆի կյանքի մեկ այլ սկանդալային պատմություններից մեկն էլ այն է, որ նա երիտասարդ տարիքում հայտնվել էր Փարիզի փողոցներում՝ երգելով գումար աշխատելու նպատակով։ Այդ ժամանակ Պիաֆն ընկավ փողոցային գանգստերների ազդեցության տակ, որոնք շահագործում էին նրան։ Այդ ժամանակաշրջանում էլ Էդիթ Պիաֆին նկատել է Փարիզի հայտնի գիշերային ակումբներից մեկի սեփականատերը՝ Լուի Լեպլեն, ով Պիաֆին տվեց «La Môme Piaf» («Փոքրիկ ճնճղուկ») մականունը, ինչն էլ դարձավ նրա բեմական անունը։
Սակայն 1936 թվականին, երբ Լեպլեն սպանվեց, Էդիթ Պիաֆը դարձավ կասկածյալ և ժամանակավոր ձերբակալվեց ոստիկանության կողմից, քանի որ որոշ ենթադրություններ կային, որ նա կապ ունի այդ սպանության հետ։ Թեև նա անմեղ էր և հետագայում արդարացվեց, սկանդալը մեծ վնաս հասցրեց նրա հեղինակությանը։ Մամուլը փորձեց նրան կապել քրեական միջավայրի հետ, ինչը միայն սրեց իր անձնական կյանքում արդեն եղած խնդիրները։
Այս դեպքը ոչ միայն վատթարացրեց նրա հոգեբանական վիճակը, այլև նրան ավելի խորը դարձրեց իր երաժշտության և արվեստի մեջ՝ արտահայտելով այդ դժվարությունները երգերի միջոցով, ինչպիսիք են «La Vie en rose»-ը, որը իր ամենահայտնի գործերից մեկն է։
Աննա Սրապիոնյան