Սերժ Սարգսյանը հավատարմագրեր է հանձնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տոմաշ Պերնիցկին: Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել նրան՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Սերժ Սարգսյանը և դեսպան Պերնիցկին երկուստեք գոհունակությամբ են խոսել վերջին տարիներին դինամիկ զարգացող հայ-չեխական հարաբերությունների մասին, դրա վկայություններից մեկը համարելով ս.թ. հունվարին Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը բարեկամ Չեխիայի Հանրապետություն և բանակցությունների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները: Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հնարավորություններն ու ներուժը՝ այդ համատեքստում կարևորելով միջխորհրդարանական, միջկառավարական և Հայաստանի ու Չեխիայի գործարար համայնքների միջև կապերի ամրապնդումն ու ակտիվ փոխգործակցությունը: Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ երկու երկրների դեսպաններն իրենց հերթին առավելագույն ջանքեր կներդնեն՝ հայ-չեխական հարաբերությունների վերոնշյալ դինամիկան պահպանելու և շարունակաբար զարգացնելու, ինչպես նաև համագործակցությունը փոխշահավետ ոլորտներում ընդլայնելու գործում:




Լրահոս