Ավետիք Չալաբյանի ներկայացուցիչ Նարինե Բեգլարյանի՝ «Իրավունք» թերթի համանուն կայքում հրապարակված տեղեկությունների վերաբերյալ
Ա․ ՓԱՍՏԵՐ
• 2024թ․ սեպտեմբերի 3-ին Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմին է դիմել հանրային-քաղաքական գործիչ, «Հայաքվե» նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանի ներկայացուցիչ Նարինե Բեգլարյանը՝ Iravunk.com լրատվական կայքում հրապարակված մի քանի հոդվածներում իր վստահորդի նկատմամբ լրագրողական էթիկայի նորմերի խախտման վերաբերյալ բողոքով։ Մասնավորապես, ըստ դիմումատուի, Iravunk.com կայքում 17.07.2024թ․ «Ժողովրդավարությո՞ւն, չէ, ո՛չ տեսել ենք, ո՛չ լսել. ԶԱՐՄԱՆՔ» վերնագրի ներքո հրապարակված հոդվածի երկրորդ պարբերությունում, օգտագործելով վիդեոբլոգեր Վարդան Ղուկասյանի հրապարակած տվյալները, ընդդիմադիր գործունեությամբ զբաղվող Չալաբյանին վերագրվում են գործող կառավարության հետ սերտ կապեր, որովհետեւ, ըստ հոդվածի, Չալաբյանը «Արցախը փրկելը թարգել, ելակի բիզնեսով է զբաղվում» եւ այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունից «ստացել է 4 միլիոն դոլարի սուբսիդիոն վարկ»։
• Այս հոդվածի լույս տեսնելուց հետո, օրենքով սահմանված ժամկետում Ավետիք Չալաբյանի ներկայացուցիչները հերքման պահանջով դիմել են «Իրավունքի» խմբագրություն՝ պահանջելով հերքել վերոհիշյալ հրապարակման մեջ տեղ գտած արտահայտությունները կամ հրապարակել Ավետիք Չալաբյանի պատասխանը։ Ըստ դիմումատուի՝ օրենքով սահմանված ժամկետում պահանջին արձագանք չի տրվել, այդ թվում՝ չի ստացվել պահանջի կատարման հիմնավոր մերժում։ Սակայն 2024թ․
օգոստոսի 30-ին Iravunk.com լրատվական կայքում հրապարակվել է «Ավետիք Չալաբյանը սիրում ա կլուբնիկ, դիմել է ՀՀ կառավարությանը եւ «Ակբա» բանկին․ Վարդան Ղուկասյան» վերնագրով նյութը, որում խմբագրությունը Ավետիք Չալաբյանի պատասխան հրապարակելու պահանջին անդրադառնալու փոխարեն վերարտադրել է Վ․ Ղուկասյանի հրապարակային ելույթը ավելի մեծ ծավալով, միաժամանակ, ըստ դիմումատուի, անհարգալից վերաբերմունք է դրսեւորել Չալաբյանի անձի նկատմամբ։
Դիմումատուն համարում է, որ նկարագրված դեպքովԱվետիք Չալաբյանին պատասխանի հնարավորություն չընձեռելը Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների
էթիկական սկզբունքների կանոնագրի մի շարք կետերով, մասնավորապես, 6.1. եւ 6.2 կետերով սահմանված պահանջների խախտում է, իսկ 2024թ․ օգոստոսի 30-ի հրապարակմամբ կատարվել է ճշմարտության եւ անկողմնակալության սկզբունքի խախտում, մասնավորապես՝ խեղաթյուրված են փաստերը, հանրությանը չի տեղեկացվել, որ Ավետիք Չալաբյանը պահանջել է հրապարակել իր պատասխանը, կոծկվել են Չալաբյանի տրամադրած տեղեկությունները, ներկայացվել է միայն մի կողմի խոսքը։
Դիմումատուն կարծում է նաեւ, որ 2024թ․ օգոստոսի 30-ի վերոնշյալ հրապարակման մեջ Չալաբյանի կողմից իր պատասխանի/հերքման իրավունքից օգտվելու պահանջը որպես «մազոխիստական տրամադրված» որակելը խախտում է լրագրողական էթիկայի՝ «hարգանք մարդկանց անձնական կյանքի եւ այլ իրավունքների նկատմամբ» սկզբունքը։
• Քննության ընդունելով Ավետիք Չալաբյանի ներկայացուցչի բողոքը՝ Դիտորդ մարմնի համակարգողը կապ է հաստատել «Իրավունքի» խմբագրության հետ՝ ներկայացնելով բողոքի էությունը եւ առաջարկելով հայտնել խմբագրության դիրքորոշումը խնդրի վերաբերյալ։
• Ի պատասխան՝ «Իրավունքից» ԴՄ-ին տեղեկացրել են, որ «Հայաքվե» նախաձեռնության խոսնակ Դավիթ Սարգսյանի միջոցով նախաձեռնության պատասխանատու անձանցից որեւէ մեկին հրավիրել են խմբագրություն՝ հարցը քննարկելու համար, որից դիմացի կողմը հրաժարվել է: Ըստ խմբագրության՝ առկա է ասվածը փաստող նամակագրություն: Խմբագրությունը տեղեկացրել է, որ ավելորդ է համարում ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնում հարցի քննարկումը: Այդուհանդերձ, խմբագրությունը ԴՄ-ին է ուղարկել բողոքի առիթ հանդիսացած եւ Չալաբյանի բիզնես գործունեության մասին պատմող, այդ թվում՝ Չալաբյանի փաստաբանի փոխանցած
տեղեկությունները պարունակող նյութի հղումները:
Բ․ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԷԹԻԿԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ
I. Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենք
Հոդված 8․ Հերքման եւ պատասխանի իրավունքը
1. Անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը:
3. Հերքումն իրականացվում է «Հերքում» խորագրի ներքո: Տեղակայման, ձեւավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի
առումով հերքումը չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է:
5. Հերքման պահանջի հետ անձն իրավունք ունի պահանջել իր պատասխանի հրապարակումը:
II. Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիր
1.1. Մինչեւ հրապարակումը ստուգել ցանկացած աղբյուրից ստացված տեղեկությունների հավաստիությունը, չկոծկել եւ չխեղաթյուրել փաստերը, չհրապարակել ակնհայտ կեղծ տեղեկություններ։
1.3. Պատասխանատու մոտեցում ցուցաբերել սոցցանցային կամ նոր մեդիա հարթակների տեղեկությունները տարածելիս, անպայման նշել դրանց ստուգված, վստահելի կամ հետագա ստուգման ենթակա լինելը:
1.5. Վերլուծություններ եւ մեկնաբանություններ կատարելիս հիմնվել ստույգ փաստերի եւ հավաստի տեղեկությունների վրա։
4. Հարգանք մարդկանց անձնական կյանքի եւ այլ իրավունքների նկատմամբ։
6.1. Աջակցել կարծիքների ազատ փոխանակմանը, անկախ նրանից, որ այդ կարծիքները կարող են տարբերվել խմբագրական տեսակետներից։
6.2. Պատրաստակամ լինել հանդիպելու այն անձանց կամ կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք իրենց վիրավորված կամ զրպարտված են համարում կոնկրետ հրապարակմամբ, եւ պատասխանի հնարավորություն ընձեռել բոլոր նրանց, որոնց հասցեին քննադատություն կամ մեղադրանքներ են եղել
հրապարակումներում։
III. ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի աշխատակարգ
5․3․ Ինքնակարգավորման նախաձեռնության (ԻՆ) անդամ չհանդիսացող ԶԼՄ-ների հրապարակումների վերաբերյալ բողոքները կարող են քննվել տվյալ լրատվամիջոցի համաձայնության դեպքում: Այսուհանդերձ, տվյալ ԶԼՄ-ի համաձայնության բացակայության դեպքում ԴՄ-ն իրեն իրավունք է վերապահում ԻՆ ոչ անդամների հրապարակումների վերաբերյալ բողոքների քննությունից հետո ընդունել եւ հրապարակել փորձագիտական կարծիք կամ հայտարարություն:
Գ․ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ
Հաշվի առնելով, որ «Իրավունքը» ԶԼՄ-ների ինքնակակարգավորման նախաձեռնության անդամ չէ, Դիտորդ մարմինը, համաձայն իր Աշխատակարգի 5.3 հոդվածի, դիմել է խմբագրությանը եւ չի ստացել վերջինիս համաձայնությունը՝ քննելու իրեն վերաբերող բողոքը։
Այդուհանդերձ, գնահատելով բողոքում արծարծված խնդիրների կարեւորությունը, Դիտորդ մարմինը, օգտվելով Աշխատակարգի նույն հոդվածի տված հնարավորությունից, քննության է առել բողոքը, եւ
– ուսումնասիրելով ներկայացված նյութերը,
– վերլուծելով դիմումատուի եւ պատասխանող լրատվամիջոցի հավելյալ պարզաբանումները, արձանագրում է, որ
• Iravunk.com կայքում 2024թ․ հուլիսի 17-ին «Ժողովրդավարությո՞ւն, չէ, ո՛չ տեսել ենք, ո՛չ լսել. ԶԱՐՄԱՆՔ» վերնագրի ներքո Ավետիք Չալաբյանին վերաբերող տեղեկությունների հրապարակումը հակասության մեջ է մտնում Կանոնագրի 1.1, 1.3, 1.5 կետերի հետ, քանի որ լրատվամիջոցը մինչեւ հրապարակումը չի ստուգել երրորդ
աղբյուրից, տվյալ դեպքում՝ սոցցանցային հրապարակումից ստացված տեղեկության հավաստիությունը, չի նշել տեղեկության վստահելի կամ հետագա ստուգման ենթակա լինելու հանգամանքը։
• Հրապարակումը հակասության մեջ է մտնում նաեւ Կանոնագրի 1.5կետի հետ այնքանով, որ լրատվամիջոցը, ուրիշ աղբյուրից վերցված բուն տեղեկությունը վերարտադրելուց բացի, վերլուծություններ եւ մեկնաբանություններ է կատարել՝ հիմնվելով չստուգված փաստերի վրա։
• Ավետիք Չալաբյանի ներկայացուցչի՝ հերքման եւ պատասխանի պահանջ ներկայացնելուց հետո, օգոստոսի 30-ին լրատվամիջոցը խնդրի վերաբերյալ երկրորդ նյութն է հրապարակել, որում, ըստ էության, չի կատարել հերքման պահանջը եւ Չալաբյանին պատասխանի հնարավորություն չի տվել, ինչը հակասում է Կանոնագրի 6.2 կետի պահանջին։ Այդուհանդերձ, խմբագրությունը Չալաբյանի ներկայացուցիչներին խնդրի վերաբերյալ քննարկում կազմակերպելու գրավոր առաջարկ է արել, որը, փաստորեն, չի
ընդունվել վերջիններիս կողմից։
• Դիտորդ մարմինը գոհունակությամբ է արձանագրում հարցը երկկողմ քննարկման միջոցով լուծելու խմբագրության
պատրաստակամությունը եւ խրախուսում է լրատվամիջոցների հետ տեղեկատվական խնդիրներ ունեցող քաղաքացիներին եւ կազմակերպություններին՝ մինչեւ ԴՄ դիմելը օգտագործել լրատվամիջոցի հետ քննարկման միջոցով հաշտության հասնելու բոլոր հնարավորությունները։
• 2024թ․ օգոստոսի 30-ի հրապարակման մեջ Չալաբյանի պատասխանի/հերքման իրավունքից օգտվելու պահանջը որպես «մազոխիստական տրամադրված» որակելը հակասության մեջ է Կանոնագրում ամրագրված՝ մարդկանց անձնական կյանքի եւ այլ իրավունքների նկատմամբ հարգանքի սկզբունքի հետ։
Դիտորդ մարմինը կոչ անում է կողմերին՝ իրենց հասանելի տեղեկատվական ալիքներով տարածել սույն Փորձագիտական կարծիքը։
Ընդունվել է 2024 թ. հոկտեմբերի 9-ին, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի հետեւյալ կազմով
Գնել ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
«Նյումեգ» հրատարակչության գլխավոր խմբագիր
Բորիս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Երեւանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ
Դավիթ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
«Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր
Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ
Երեւանի մամուլի ակումբի մասնագիտական էթիկայի հանձնաժողովի
նախագահ
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ռեգիոնս TV» կայքի տնօրեն
Նարինե ԱՎԵՏԻՍՅԱՆ
Վանաձորի «Լոռի» ՀԸ գործադիր տնօրեն
ԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆ
Իրավաբան
Աշոտ ՄԵԼԻՔՅԱՆ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Անժելա ՍՏԵՓԱՆՅԱՆ
Արմավիրի «ԱԼՏ» հեռուստաընկերության խմբագիր