Այս օրերին հանրապետության մի շարք շրջաններում տեղի ունեցած ցրտահարությունը, նաեւ՝ տեղ-տեղ առատ տեղումները ե՛ւ անձրեւի, ե՛ւ ձյան, ե՛ւ կարկուտի տեսքով, մեծ վնասներ հասցրին Արմավիրի մարզի շատ համայնքներին: ՀՀ Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան համայնքում այս օրերին տեղի ունեցած ցրտահարության հետեւանքով չի փրկվել եւ ոչ մի ծիրանենի: Բագարանցին եւ հարեւան երվանդաշատցին այս տարի կարող է ծիրան չունենան:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Բագարանի համայնքապետ Գեւորգ Մարգարյանի հետ:
-Պարո՛ն Մարգարյան, բագարանցիներն ինչպե՞ս են պայքարում ցրտահարության դեմ:
-Դե, ողջ գիշեր չքնեցին: Չնայած որ առատ ձյուն էր գալիս, մարդիկ շարունակում էին իրենց այգիները ծխեցնելու գործընթացը:
-Չկարողացա՞ն փրկել ծիրանենին:
-Մինչեւ -7 աստիճան ցուրտ եղավ, ո՞նց փրկեին: Չէինք կարող: Ջերմատների տերերը գուցե կարողացան փրկել, բայց մենք ծառերը՝ ոչ: 100 տոկոսով ցրտահարվել են ծառերը: Ի՞նչ անենք: Այս տարի ավելի վատ վարվեց բնությունը մեզ հետ, քան նախորդ տարի:
-Իսկ մարզպետարանում տեղյա՞կ են:
-Իհարկե, զանգել տեղեկացրել եմ:
-Եվ ի՞նչ են ասել կամ խոստացել:
-Ինչ պետք է ասեն: Ոչ մի բան: Ասացին՝ տեսնենք՝ ինչ կարող ենք անել: Գուցե կարողանան մեր գյուղացիներին ազատել ջրի վարձից: Չէ՞ որ ողջ տարի այն պետք է օգտագործեն, ջրեն ծառերը, բայց բերք չեն ունենալու: Գոնե այս տարի դրանից ազատեն մեր գյուղացիներին:
-Ինչպես գյուղնախարար Սերգո Կարապետյանը խորհուրդ էր տվել, այդպես էլ վարվե՞լ են մարդիկ:
-Այդպես էլ վարվել են, բայց ոչ մի բան չեղավ: Ի±նչ անեն մարդիկ, բնության դեմ ո՞վ կարող է պայքարել:
«Ժողովուրդ»-ը այս թեմայի շուրջ զրուցեց նաեւ Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանի հետ:
-Պարոն Այվազյան, պտղատու այգիներին եւ խաղողի վազերին ցրտահարությունն ի՞նչ չափի վնաս է հասցրել:
-Ծիրանենիները եւ սալորենիները, որոնք ծաղկած էին, 80-100 տոկոսով ցրտահարությունից վնասվել են: Մի երեք-չորս օրից վերջնական ճշգրիտ տվյալները մենք կարող ենք ներկայացնել:
-Բայց մարդիկ ծխեցրել են: Դա՞ էլ բավարար չի եղել:
-Իհարկե, մարդիկ ցրտահարության դեմ պայքարի միջոցներ ձեռնարկեցին, ու այս գիշեր էլ են ձեռնարկելու: Բայց դե ինչ արդյունք կտա, դեռ անհայտ է:
-Գյուղացիների կրած վնասը կփոխհատուցվի՞:
-Հասցրած վնասի ծավալները կհաշվարկենք, տեսնենք, թե ինչ գումարի մասին է խոսքը եւ կներկայացնենք ՀՀ կառավարություն: Տեսնենք:
զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ