Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժինների համատեղ ուժերով ապամոնտաժվել են Կորյունի 10 և Տերյան 72 հասցեներում` Բժշկական ուսումնարանի հարևանությամբ գտնվող առևտրային տաղավարները:
Ինչպես տեղեկանում ենք քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունից, ապամոնտաժված 2 ոչ հիմնական շինություններով ծանրաբեռնված հողամասերի օգտագործման համար գույքային իրավունքի որևէ գրանցում չի եղել և, ըստ էության, այդ հողամասերն օգտագործվել են ապօրինի:
Քանդման ենթակա 2 տաղավարները Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի վրա են: Դրանք վարձակալական իրավունքով նախկինում տրամադրվել են քաղաքացիներին: Վարձակալության ժամկետներն ավարտվել են դեռևս 2009 թվականին: Ի դեպ, պատասխանատուները վստահեցնում են, որ տաղավարներն օգտագործողները բազմիցս իրազեկվել են ապամոնտաժման աշխատանքների մասին:
Տաղավարների քանդման և Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերի ազատման աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումների հիման վրա: Քանդման ենթակա կրպակներից մեկի մասով ապամոնտաժման և գործունեությունը դադարեցնելու մասին որոշում է կայացվել դեռևս 2012 թվականին՝ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից:
Հարկ է նշել, որ ապամոնտաժման ենթակա վերոնշյալ բոլոր շինությունների քանդման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի գործողությունները սահամանափակող դատական որևէ ակտ փաստացի առկա չէ:
Ի դեպ, այս նույն տարածքում ապօրինի զբաղեցված ևս 1 տաղավար ավելի վաղ ապամոնտաժվել էր հենց օգտագործողի կողմից:
Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունների և ստորաբաժանումների կողմից նմանօրինակ տաղավարների ապամոնտաժման գործընթացը շարունակական է:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն