Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Աղջիկ երեխաների միջազգային օրն է: 2012 թ. հոկտեմբերի 11-ին Միավորված ազգերի կազմակերպությունն առաջին անգամ աշխարհում նշեց Աղջիկ երեխայի միջազգային օրը:
Օրվա նպատակն է ուշադրություն դարձնել այն խնդիրների լուծման վրա, որոնց բախվում են աշխարհի բոլոր աղջիկները, եւ նպաստել նրանց իրավունքների ընդլայնմանն ու պաշտպանությանը:
Երեխաների վաղ ամուսնությունը նրանց հիմնական իրավունքների խախտում է եւ բացասական ազդեցություն է ունենում աղջիկների կյանքի վրա:
Վաղ ամուսնությունը զրկում է երեխաներին մանկությունից: Նրանց ստիպում են հրաժարվել կրթությունից, իսկ ընտանեկան բռնությունների հավանականությունն աճում է մի քանի անգամ:
Այս եւ մնացած բոլոր խնդիրներից խուսափելու համար ՄԱԿ-ն առաջարկել է մի օրինագիծ, որի մեջ մտնում է ամուսնության նվազագույն տարիքի փոփոխությունը, որակյալ նախնական եւ միջնակարգ կրթության ապահովումը եւ այլն:
Տոնը, որքան էլ որ կարող է զարմանալի թվալ, ՄԱԿ-ը կապում է աղջիկ երեխաների անչափահաս կամ մանուկ հասակում ամուսնանալու հիմնախնդրի հետ, որն այսօր առկա է աշխարհի մի շարք ռեգիոններում եւ ունի կրոնա-մշակութային արմատներ: Ի դեպ, հայերի մեջ եւս սովորություն է եղել փոքր տարիքում աղջիկների ամուսնությունը, ինչի քննադատությանն է ուղղված եղել Հովհաննես Թումանյանի «Մարոն» պոեմը:
Այս տոնի նպատակն է՝ հանրության ուշադրությունը հրավիրել աղջիկ երեխաներին վերաբերող հիմնախնդիրներին։ Դրանցից են՝ սեռով պայմանավորված հղիության ընդհատումները, անչափահասների հղիությունը եւ դրանով պայմանավորված ընդհատումները։ Հայաստանը նույնպես այն երկրների ցանկում է, որտեղ այս դեպքերը շատ մտահոգիչ են։