Ցրտահարությունը վնասել է այգիների բերքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի լույս 31-ի  գիշերվա ցրտահարությունից  Տավուշի մարզի այգիներից սպասվող  բերքը որոշակիորեն տուժել է: Այդ մասին հայտնեց «Նոյեմբերյանի այգեգործների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, «Հայկական միրգ» ընկերության Տավուշի մարզի գյուղատնտես Սպարտակ Զաքարյանը:

Նա ասաց, որ  Պտղավան գյուղի տարածքում, 5 մետր բարձրության վրա տեղադրված ջերմաչափն այդ գիշեր՝ ժամը 4-ի սահմաններում ցույց է տվել 1-4 աստիճան  ցուրտ, իսկ հողի մակերևույթին  ջերմաստիճանը եղել է 0-2 աստիճան ցածր: Ս. Զաքարյանը հայտնեց, որ ցրտահարությունը  մեծ չափով վնաս է պատճառել  ծիրանենիների, սալորենիների, կեռասենիների բերքին, քանի որ  Դեբեդի հովտի այգիներում այդ պտղատեսակների ծառերն  արդեն ծաղկել էին:

«Դեղձի ծառերի ծաղիկները կիսով չափ են բացվել, ուրեմն  այդ ծառերի բերքը որոշ չափով է  պակաս լինելու», -ասաց փորձառու այգեգործը:

Նրա խոսքերով` ապրիլի 1-ի գիշերը ևս կարող է ցրտահարություն լինել: Ս. Զաքարյանը մտավախություն ունի, որ հարևան Վրաստանի Մառնեուլի  տարածաշրջանից Դեբեդի հովտի այգիներ կարող են խուժել ցուրտ հոսանքներ, որոնց դեպքում գիշերային ցրտահարությունից մեծ վնասներ կարող են լինել: «Նոյեմբերյանի այգեգործների միություն» հկ-ի  ղեկավարը տեղեկացրեց, որ Դեբեդի հովտի այգիները Տավուշի մարզի այլ տարածաշրջանների այգիների համեմատ ավելի քիչ են տուժել, քանի որ Դեբեդի հովիտը ցածրադիր է. մարտի 31-ի դրությամբ այնտեղ ձյան շերտ չկար: Իսկ ահա Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում պտղատու ծառերի ակնկալվող  բերքի վրա   ցրտահարությունն ավելի է ազդել:

Հավելենք, որ Տավուշի մարզի բնակիչների համար ցավալի էր ծաղկած հոնենիների վրա ձյան հաստ՝ 30 սանտիմետրանոց շերտի առկայությունը: Դա նշանակում է, որ հոնենիներն այս տարի  բերք չեն տալու: Ամեն տարի Տավուշի մարզի հազարավոր բնակիչներ անտառում հոն հավաքելով` վաճառում են  մթերող տարբեր կազմակերպությունների: Անտառաշատ մարզի  բնակիչները հավաքած հոնից նաև օղի են թորում, այն վաճառում և այդ կեպ հոգում իրենց  կարիքների մի մասը: Իսկ այս տարի  նրանք, ըստ ամենայնի, կզրկվեն  այդ հնարավորությունից: Առհասարակ,  Տավուշի  ֆերմերները  բնության տարերքից շատ մտավախություններ ունեն: Հեռավոր մարզում չկա հակակարկտային և ոչ մի կայան, ուստի գյուղացու բերքը որևէ կերպ  ապահովագրված չէ կարկտահարությունից:  Եվ այսօր էլ, 21-րդ դարում, Տավուշի մարզում գյուղացու  հանապազօրյա հացը շարունակում է մնալ «երկնքից կախված»:

Ոսկան Սարգսյան

Տավուշ




Լրահոս