Մարտի 1-ի վերաբացված գործով այս պահին Հակակոռուպցիոն դատարանում դատավարություն է ընթանում։ ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են գործով մեղադրյալները գալիս դատարան։
Ինչպես հայտնել էինք Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը բեկանել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործը կարճելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի 2021թ որոշումը։ Վճռաբեկ դատարանի կայքի համաձայն՝ սեպտեմբերի 12-ին Վճռեաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը բավարարել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բողոքը՝ բեկանելով դատական ակտը և ուղարկելով գործը նոր քննության՝ Հակակոռուպցիոն դատարան։
Հիշեցնենք, որ 2008թ․ մարտի 1-ի իրադարձություններին առնչվող՝ սահմանադրական կարգի տապալման գործով մեղադրյալի կարգավիճակում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու համար, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։
ՍԴ-ի կողմից՝ 2021թ․ մարտի 26-ին ՀՀ Քրեական օրենսգրքի (2003թ․) 300,1-րդ հոդվածը Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելուց հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, սահմանադրական կարգի տապալման դրվագով կարճել էր քրեական գործը և դադարեցրել քրեական հետապնդումը՝ հանցադեպի բացակայության հիմքով, թեև դատախազները պահանջում էին վերաորակել արարքը։ Դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Վճռաբեկ դատարանը դիմել էր ՍԴ՝ վիճարկելով Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Խնդիրը 1998-ին ընդունված, այժմ մասնակի գործող Քրեական դատավարության օրենսգրքի 309.1 հոդվածի 3-րդ մասն էր, որը հնարավորություն չէր տալիս հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո դատարանում վերաորակել մեղադրանքը: ՍԴ-ն որոշել է մասնակի բավարրարել դիմումը՝ նշելով, որ թեև հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը, այն մեկնաբանությամբ, որ ամբաստանյալին մեղսագրվող արարքը հակասահմանադրական ճանաչվելիս մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը մեղադրյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից:
Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՍԴ որոշումը, որոշել է բավարարել դատախազության բողոքը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան