Իշխանության ճնշումների ներքո տարբեր պաշտոններ զբաղեցնող անձինք մեկը մյուսի հետևից հրաժարականի դիմումներ են ներկայացնում։
Միայն վերջին երկու օրերին հրաժարականի դիմումներ են ներկայացրել 3 պաշտոնյա։
Երեկ պաշտոնից ազատվել էր ՀԾԿՀ ղեկավար Գարեգին Բաղրամյանը, այսօր էլ հրաժարականի դիմումներ են ներկայացրել Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը և ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս բոլոր հրաժարականները պայմանավորված են վերջին շրջանում ՀԷՑ-ի նկատմամբ իշխանությունների խիստ ճնշումներով։
Նախ ՔՊ խմբակցությունն էր էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրների թեմայով քննարկում կազմակերպել, ակնհայտ էր, որ այն ոչ թե միտված է խնդիրներին լուծում գտնելուն, այլ որպեսզի լսումների ընթացքում ՔՊ-ն ամեն գնով ցույց տա, թե ինչքան վատ է աշխատում ՀԷՑ-ը: Երկու օր առաջ էլ նույն թեմայով Նիկոլ Փաշինյանն էր խորհրդակցություն անցկացրել գործադիրում։
ՔՊ-ն այս օրերին լծված է ՀԷՑ-ը ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի ձեռքից խլելուն։
ՔՊ-ականներն իրենց այս ճնշումներով, ըստ էության, դուրս են եկել ոչ միայն Սամվել Կարապետյանի դեմ, այլ «ատամ» են ցույց տալիս ռուսական կողմին ու փորձում են ուղերձ հղել, որ ազատվում են ռուսական կապիտալից։
Թեև Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ իշխանությունը ոչ մի քայլ չի անում ՀԷՑ-ը խլելու համար, բայց ակնհայտ է, որ ՔՊ-ում այս հարցում լուրջ են տրամադրված։
ArmLur.am-ի տեղեկություններով հրաժարականների այս շքերթը շարունակվելու է:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան