Պարսից ծոցի երկրները ԱՄՆ-ին հորդորում են հետ պահել Իսրայելին Իրանի նավթային օբյեկտներին հարվածելուց. Reuters

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարսից ծոցի երկրները փորձում են ճնշում գործադրել Վաշինգտոնի վրա, որպեսզի ԱՄՆ-ն Իսրայելին թույլ չտա հարվածել Իրանի նավթային օբյեկտներին, քանի որ նրանք մտավախություն ունեն, որ իրենց իսկ նավթային օբյեկտները կարող են հայտնվել Թեհրանի աջակիցների հարվածի տակ, եթե հակամարտությունը սրվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Պարսից ծոցի երկրների երեք աղբյուրների:

Այս ամենին զուգահեռ, փորձելով չհայտնվել խաչաձև կրակի մեջ,վՊարսից ծոցի երկրները, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Կատարը, նաև հրաժարվում են թույլ տալ Իսրայելին թռչել իրենց օդային տարածքով Իրանի վրա որևէ հարձակման համար և այս մասին տեղեկացրել են Վաշինգտոնին, հայտնել են իշխանություններին մոտ կանգնած երեք աղբյուրները։

Իր հերթին, Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Reuters-ին հայտնել է, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այս շաբաթ կայացած հանդիպումների ընթացքում Սաուդյան Արաբիային նախազգուշացրել է, որ Թեհրանը չի կարող երաշխավորել թագավորության նավթային օբյեկտների անվտանգությունը, եթե Իսրայելին օգնություն տրամադրվի հարձակում իրականացնելու համար։

Ըստ աղբյուրի՝ Թեհրանը հստակ ուղերձ է հղել Էր Ռիադին, որ Իրաքում կամ Եմենում իր դաշնակիցները կարող են արձագանքել, եթե տարածաշրջանի երկրները Իրանի դեմ աջակցություն ցուցաբերեն Իսրայելին։

Վաշինգտոնի պաշտոնյաներից մեկն իր հերթին հաստատել է, որ Պարսից ծոցի երկրները կապի մեջ են ԱՄՆ-ի իրենց գործընկերների հետ և մտահոգություն են հայտնել Իսրայելի ակնկալվող արձագանքի առնչությամբ։

Հոկտեմբերի 1-ին Իրանը շուրջ 200 բալիստիկ հրթիռ էր արձակել Իսրայելի վրա՝ հայտարարելով, որ խոցել է կարևոր օբյեկտներ։ Իսրայելն իր հերթին հայտարարել է, որ խոցել է հրթիռների մեծ մասը։ Իսրայելը խոստացել է պատասխանել Իրանի հարձակմանը, երբ անհրաժեշտ համարի։




Լրահոս