ՌԴ այցելելու հրավերը Իրանի նախագահ Փեզեշքիանն ընդունել է. երկու ղեկավարները մեկ ժամ շփվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքմենստանի մայրաքաղաքում հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ երկու ղեկավարների շփումը սկսվել է պատվիրակություների մասնակցությամբ, այնուհետև նրանց հանդիպումը շարունակվել է դեմ առ դեմ։

Պուտինը բարձր է գնահատել Իրանի հետ հարաբերությունների զարգացումը՝ հավելելով, որ երկու երկրներն աշխատում են միջազգային ասպարեզում, իսկ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ նրանց գնահատականները շատ մոտ են։

Փեզեշքիանն իր հերթին շեշտել է, որ Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները զարգանում են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ մշակութային, տնտեսական, սոցիալական։ Նա նույնպես նշել է, որ Թեհրանի և Մոսկվայի սկզբունքները մոտ են իրար, ինչպես և միջազգային ասպարեզում դիրքորոշումները։

Վլադիմիր Պուտինը Մասուդ Փեզեշքիանին հրավիրել է պաշտոնական այց կատարել Ռուսաստան։ Իրանի նախագահն ընդունել է հրավերը։

Պուտինի և Փեզեշքիանի հանդիպումն Աշխաբադում տեղի է ունեցել թուրքմեն բանաստեղծ և մտածող Մագթիմգուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված «Ժամանակների և քաղաքակրթությունների հարաբերությունները՝ խաղաղության և զարգացման հիմք» միջազգային ֆորումի շրջանակներում։




Լրահոս