Հետհեղափոխական Հայաստանում նոր «լիսկաներ» են հայտնվում:
«Ես Գեղարքունիքի Նիկոլն եմ». այս խոսքերի ու անպատժելիության հեղինակը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն է:
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է դիմել քաղաքացի Գուրգեն Հակոբյանը՝ փորձելով բարձրաձայնել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի «բեսպրեդելը» մարզում, որի դեմ չեն կարողանում պայքարել անգամ իրավապահները:
Ըստ քաղաքացի Գուրգեն Հակոբյանի՝ ինքը «Կվարց Հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրենն է, եւ իր ղեկավարած ՍՊԸ-ն «Լուսակունք» ՍՊԸ-ից մետաղական խողովակներ է գնել:
«Մետաղական խողովակները գտնվում են Վարդենիսի վարչական շրջանի Այրք համայնքի տարածքում: Հետագայում ցանկացել եմ խողովակները տեղափոխել այլ վայր ու դիմել եմ համայնքապետին (բոլոր դիմումներս կան), նաեւ մարզպետին, բայց թույլ չեն տալիս խողովակները տեղափոխեմ՝ ու վերջ: Կան բոլոր փաստաթղթերը, որ խողովակները պատկանում են մեր ընկերությանը, սեփականության վկայականն էլ իմ ձեռքում է, սակայն մարզպետը թույլ չի տալիս՝ խողովակները տեղաշարժեմ: Ասում է՝ խողովակները համայնքինն են ու պետք է մնան համայնքում: Դիմել եմ համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանին, նա էլ վախենում է թույլատրելուց, քանի որ Գեղարքունիքի մարզպետը ասում է, որ Գեղարքունիքի մարզի «թագավորն» ու «Նիկոլն» ինքն է, ոնց ուզում է՝ պիտի այդպես լինի, ոչ ոք չի կարող իր ասածը չանել:
Խողովակների տեղափոխության ժամանակ ոստիկանությունը բռնել է մեզ, ու արդեն 4 ամիս է խողովակները ոստիկանության Վարդենիսի բաժնի մոտ են, ու ո՛չ դատում են ինձ, ո՛չ էլ թողնում են իմ ապրանքը տանեմ, բոլոր փաստաթղթերը սեփականության վկայականները ներկայացրել եմ քննիչներին, կա՛մ պետք է կարճեն կա՛մ պետք է ինձ կալանավորեն. չեն անում ոչինչ»:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին՝ պարզելու, թե ինչու է խոչընդոտում քաղաքացու սեփականության տեղաշարժին: Ի պատասխան՝ Կարեն Սարգսյանը հայտնեց. «Մեկ բառով կարող եմ ասել՝ ստախոսություն է: Եթե որեւէ մեկը փորձում է համայնքի վարչական տարածքում որեւէ աշխատանք իրականացնել, նկատի ունեմ՝ քանդման, վերակառուցման, պետք է դիմի համայնքապետարան ու ստանա համապատասխան թույլտվությունը եւ իրականացնի, երբ մարդը չի դիմում ու չունի թույլտվություն եւ իրականացնում է, համայանքապետարանի կողմից վարույթ է գործադրվում, ու այս ամենից հետո նա շարունակում է այդ գործողությունները, դիմում են ոստիկանություն, ու ոստիկանությունն է միջամտում տվյալ աշխատանքները կանխելուն: Հիմա այդպիսի իրավիճակ է ստեղծվել: Այսինքն, մարդը, չունենալով քանդման թույլտվություն, իրականացրել է այդ աշխատանքները ու դրա արդյունքում հարուցվել է քրեական գործ: Դրանից հետո մարդիկ դիմել են թույլտվություններ ստանալու համար, ու համայնքապետարանը պահանջել է իրենցից սեփականության վկայական ներկայացնել, որ դա իրենց սեփականությունն է, բայց որեւէ մեկը մինչեւ այսօր սեփականության վկայական չի ներկայացրել ո’չ համայնքապետարան ո’չ որեւէ այլ մարմին, որպեսզի որոշում կայացվի»,- պարզաբանեց մարզպետը:
Երբ մարզպետին փոխանցեցինք բնակիչներից շատերի դժգոհությունը, որ նոր «Լիսկա» է հայտնվել Գեղարքունիքի մարզում, անպատժելիություն է, մարզպետը զայրացավ՝ «եթե արդար են, թող գան ասեն, թե ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել այդ ՀԷԿ-ը կառուցելուց առաջ: Եթե քաղաքացին պնդում է, թե սեփականության վկայական ունի, թող որ այն փոխանցի ձեր լրատվամիջոցին»:
Տեղեկացնենք, որ քաղաքացու համապատասխան տարածքի սեփականության վկայականը «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունում է. սպասում ենք մարզպետի կողմից հարցի արդարացի լուծման:
ՔՊ խմբակցությունում արդեն պատրաստվում են 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նոյեմբերի 12-ից մեկնարկող նստաշրջանին Նիկոլ Փաշինյանը գնալու է խորհրդարան, իսկ մինչ այդ հանձնաժողովների համատեղ նիստերում եկող տարվա բյուջեի նախագիծը կքննարկվի: Նշենք, որ սեպտեմբերին կառավարությունում խորհրդակցության ժամանակ արդեն իսկ ներկայացվել է 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը: ԱԺ-ում բյուջեի նախագծի նախնական քննարկումները տեղի են ունենում մշտական հանձնաժողովների եւ դրանց համատեղ նիստերում, որոնց, սահմանված կարգով, մասնակցում են նաեւ վարչապետի կողմից լիազորված անձինք: Այսինքն՝ նախ Նիկոլ Փաշինյանն է հանձնաժողովում ներկայացնելու բյուջեի նախագիծը, այնուհետեւ՝ նախարարները եւ ոլորտային մյուս պատասխանատուները: Հանձնաժողովի նիստերում քննարկվելուց հետո՝ նախագիծը պետք է գա նաեւ ԱԺ լիագումար նիստերի օրակարգ արդեն նոյեմբերի կեսին:
Տարեսկզբին, երբ կրկին Կոմիտասի շուկայի վաճառականներին ստիպեցին լքել շուկայի տարածքը, մամուլը գրեց, որ սեփականաշնորհող ընկերությունը GTB Holdings ՍՊԸ-ն է։ Իսկ ո՞վ է այդ արտոնյալ գործարարը: Շուկայի վաճառականները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցելիս պնդում էին, որ շենքի տարածքում բնակելի շենք է կառուցվելու, իսկ իրենք իրենց հանապազօրյա հացը չեն կարողանալու վաստակել: Այսինքն՝ շարքային բնակիչը տուժելու է, իսկ խոշոր գործարարի բիզնեսը՝ զարգանալու: Իսկ ո՞վ է խոշոր գործարարը, որի կարիքներն ու բիզնես նկրտումները ՀՀ քաղաքացու շահերից բարձր են դասել Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները: «Ժողովուրդ» օրաթերթը բաց աղբյուրներց պարզեց, որ GTB Holdings ՍՊԸ-ն հիմնադրվել է 12.07.2022 թվականին: Ընկերության գործունեությունը բազմապրոֆիլ է, ներառում է հետեւյալ կազմակերպությունները՝ «ԳՏԲ Անհաղթ» ՍՊԸ-ն, «Յունիոն սերվիս» ՍՊԸ-ն , «ՋԻ ԹԻ ԲԻ Սթիլ» ՍՊԸ-ն եւ «ՋԻ ԹԻ Բի Բիլդ» ՍՊԸ-ն: Ընկերությունները տարբեր շինարարական եւ կառուցապատման նախագծեր են ներկայացնում. Երեւանում այսպիսիք են, օրինակ, Դավիթ Անհաղթ 25 հասցեում կառուցվող նոր եւ ինքնատիպ բազմաբնակարան շենքն ու հայտնի Կոմիտասի շուկայի ետնամասում կառուցվելիք բազմապրոֆիլ ու բազմաբնակարան շենքը, ինչպես նաեւ կազմակերպությունների նախագծերից է Երասխի կրակոցներից փրկված-տեղափոխված ամրանների գործարանը: Իսկ ովքեր են GTB Holdings ՍՊԸ-ի սեփականատերերը. «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այստեղ 50 տոկոս մասնակցություն ունի Նոնո Արմենի Սարգսյանը, նույնքան էլ՝ ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգհ Կանգը։ Նոնո Սարգսյանը սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի դուստրն է: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Նոնո Սարգսյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ ճակատագիր է սպասվում Կոմիտասի շուկայի աշխատակիցներին. սակայն չհաջողվեց, մեր հաղորդագրությունները մնացին անպատասխան։ Հավելենք, որ Նոնո Սարգսյանի ամուսինը Գրիգոր Տեր-Ղազարյանն է՝ խոշոր գործարար, որը անգամ դիվանագիտական անձնագրով ոչ վաղ անցյալում ազատ ելումուտ էր անում:
Հոկտեմբերի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի կողմից Կոմիտեի կոլեգիայի, ղեկավարության անդամները, ինչպես նաեւ մի շարք հայեցողական եւ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք պարգեւատրվել են «ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակ» հոբելյանական մեդալով։ Նման պարգեւների են արժանացել նաեւ համակարգի գործող եւ նախկին այլ աշխատակիցներ։ «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ մեդալով պարգեւատրվածներից մեկը Նիկոլ Փաշինյանի, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի, ԱԱԾ նախկին տնօրենի գաղտնալսման գործը քննող քննիչ, ներկայումս ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Կամո Սահակյանն է: Այո՛, նա նույն քննիչն է, որի հետ դեռեւս 2020 թվականին Նիկոլ Փաշինյանը հարցաքննության սենյակում սելֆի արեց ու այն հրապարակեց՝ նշելով. «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է ու պատասխանում է նրա հարցերին»: Դե իսկ հիմա Փաշինյանին չեն էլ հրավիրում. նրան առնչվող գործերը ուղղակի անտեսվում են: