«ԱԶԱՏ» ԲՆԱԿԱՎԱՅՐՆ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ԹԻՐԱԽՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից ապօրինաբար հեռացված Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Կրկին գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին եւ մի շարք կազմակերպությունների՝ այս անգամ մեր հայրենիքի մի մասի նկատմամբ Իլհամ Ալիեւի տարածքային նկրտումների վրա ուշադրություն հրավիրելու համար:

 

Սեպտեմբերի 30-ին Բաքվում հանդիսավոր կերպով բացվել է ծագումով ադրբեջանցի ժողովրդական հեքիաթագիր, աշուղ Ալասկերի արձանը, որի բացման արարողության ելույթի ժամանակ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ աշուղն ապրել է Ադրբեջանի հնագույն հողում՝ Գոյչա շրջանի Աղքիլիսա գյուղում։ Ադրբեջանի նախագահը հավաստիացրել է իր ժողովրդին, որ իրենք վերադառնալու են իրենց «պատմական հողերը»:

(հղում՝ https://oxu.az/…/ilham-eliyev-bakida-asiq-elesgerin…)։

Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Ալիեւի մատնանշած «հնագույն հողը» ՀՀ սուվերեն տարածքի մի մասն է՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայքնի Ազատ գյուղը:

(հղում՝ https://arar.sci.am/dlibra/docmetadata?showContent=true…)։

Տասնյակ տարիներ առաջ, երբ Ազատում բնակություն էին հաստատել ադրբեջանցիներ, բնակավայրը կոչվել է Աղքիլիսա։ Բայց եթե պատմական հետդարձ կատարենք, կհավաստիանանք, որ Ազատ գյուղն ի սկզբանե եղել է հայկական։ Դրա մասին են վկայում գյուղում գտնվող գերեզմանաքարերը, խաչքարերը, եկեղեցին եւ մնացած հուշարձանները.  ահա այստեղ ամբողջ տեղեկությունը վերոնշյալների վերաբերյալ։

(հղում՝ https://arar.sci.am/dlibra/docmetadata?showContent=true…)։

 

Նույն պարագայում բազմաթիվ հայեր ծնվել են Ադրբեջանում, սակայն երբեք չեն արվել հայտարարություններ, որ նրանք վերադառնալու են իրենց ծննդավայր՝ Գանձակ (Կիրովաբադ), Դաշքեսան եւ այլուր: Ի դեպ, Դաշքեսանում, որպես ադրբեջանական բնակավայր, միակ պատմամշակութային կոթողն առ այսօր հայկական Թարգմանչաց եկեղեցին է։

Ադրբեջանի նախագահի արված հայտարարությունները «պատմական հողեր» վերադարձի վերաբերյալ ուղղակիորեն խախտում են միջազգային իրավունքի մի շարք դրույթներ:

Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության համաձայն՝ յուրաքանչյուր պետություն ունի իր տարածքի նկատմամբ ինքնիշխանության իրավունք:

Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը (ICCPR, 1966) վերահաստատում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, որը պետք է հավասարակշռված լինի գոյություն ունեցող պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի հետ:

Կոչ եմ արել միջազգային հանրությանը աջակցել Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պահպանմանը՝ կանխելով ադրբեջանական հնարավոր ագրեսիան»:

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐԻ ՄՈՏ ԱԿՑԻԱՆԵՐ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ ԱԳՆ շենքի, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիական Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատների առաջ ակցիաներ են իրականանալու եւ նամակներ են փոխանցվելու՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների եւ պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով։

Նշենք, որ 2024 թվականի նոյեմբեր ամսին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29) ընդառաջ աշխարհի տարբեր երկրներում  նույնպես մեկնարկել են ակցիաներ՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների եւ պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով։

Հավելենք, որ վերը նշված նախաձեռնությանը միացել են ԱՀ մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպաններ Յուրի Հայրապետյանը, Ռուբեն Մելիքյանը, Արտակ Բեգլարյանը, ինչպես նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպաններ Արման Թաթոյանը եւ Լարիսա Ալավերդյանը։

Հիշեցնենք, որ COP29-ին մասնակցելու հետ կապված ՀՀ-ն առայժմ ոչ մի հստակ պատասխան չունի։

ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇԱՀԵՐԸ ՀԱԸՆԿՆՈՒՄ ԵՆ

Այսօր Նիկոլ Փաշինյանի անձնական շահը համապատասխանում է Ադրբեջանի պետական շահի հետ:

Այս մասին Դատախազության առջեւ ընթացող հավաքի ժամանակ հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Ե՛վ Նիկոլ Փաշինյանը ե՛ւ իր կառուցողական գործընկեր Ալիեւը շահագրգռված են, որ աշխարհը չճանաչի Ադրբեջանի հանցագործությունները՝ որպես էթնիկ զտում եւ որպես ցեղասպանություն:

Եվ ահա դա է պատճառը, թե ինչու ենք մենք ասում, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, որովհետեւ ինքը վտանգ է մեր պետության համար, որովհետեւ իր շահերը եւ մեր ազգային շահերը իրարից տարամիտում են: Նիկոլ Փաշինյանը մեր պետականության հակառակորդն է»,- հայտարարեց Արթուր Խաչատրյանը:

Վերջում Խաչատրյանն ավելացրեց, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումը բխում է Հայոց պետականության եւ ի սփյուռս աշխարհի հայության շահերից. ուստի Փաշինյանը պետք է հեռանա եւ իր դեմ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի:

Դատախազության առջեւ ընթացող հավաքի ժամանակ նույն մտահոգություններով հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Բագրատ Սրբազանը:

«Մենք պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցել ցեղասպանության, էթնիկ զտման հանցակցության համար»:

«Պետք է գործընթաց սկսել Արցախի Հանրապետության բնակչության նկատմամբ ցեղասպան Ադրբեջանի ղեկավարի եւ նրան հանցակիցը եղած ՀՀ վարչապետի հանդեպ:

Այսօր 2 գործ ունենք հանձնելու դատախազությանը՝ միեւնույն ժամանակ հասկանալով, որ մեր երկրում որեւէ ինստիտուտ չի ծառայում պետությանը, այլ ծառայում է քաղաքական իշխանությանը, այլապես մինչեւ այսօր հանցագործությունների շղթան գնահատական կստանար նաեւ իրավական դաշտում:

Երկրորդ պահանջն է՝ քրեական գործ հարուցել Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված, համաձայն որի՝ ՀՀ Սահմանադրության անկախության հռչակագրի դրույթները ճանաչվեցին ոչ իրավական», – ասաց նա։

 

 




Լրահոս