«ԱՆԴՐՈԻԴԻ» ՀԱՄԱՐ ՎՆԱՍԱԲԵՐ ԳՐՈՀՆԵՐ ԵՆ ԿԱՆԽՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կասպերսկի» ընկերությունը 2024-ի երկրորդ եռամսյակում ամբողջ աշխարհում կանխել է Android-ի համար վնասաբեր, գովազդային կամ անցանկալի մոբայլ ծրագրերի օգտագործմամբ 7 697 975 գրոհ այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կանխվել է 5 704 599 նման գրոհ։

 

«Կասպերսկի» ընկերության փորձագետները տեղեկացնում են, որ, չնայած ընթացիկ տարվա ապրիլ-հունիսին այդ գրոհների թվի աճին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանց քանակը ընթացիկ տարվա առաջին եռամսյակի (10 100 510) համեմատ  նվազել է: Այդ մոբայլ վնասաբեր ծրագրերի ակտիվության գագաթնակետը գրանցվել է 2023-ի չորրորդ եռամսյակում, երբ հետ է մղվել 10 705 625 գրոհ։ Նվազումը պայմանավորված է գովազդային հավելվածների, առաջին հերթին՝ AdWare.AndroidOS.HiddenAd ընտանիքի՝ գովազդներ բացող բազմազան թաքնված ԾԱ-ի ակտիվության կտրուկ անկմամբ։

Ընկերության տվյալներով՝ ընթացիկ տարվա ապրիլ-հունիսին մոբայլ սարքերի համար ամենատարածված սպառնալիքը դարձել են RiskTool դասի ծրագրերը (պոտենցիալ անցանկալի ԾԱ)՝ հայտնաբերված սպառնալիքների ընդհանուր թվի 41%-ը: Հայտնաբերվել է ավելի քան 367 418 տեղադրման վնասաբեր փաթեթ, որոնցից 13 013 փաթեթը եղել են մոբայլ բանկային տրոյացիներ, իսկ 1 392 փաթեթը՝ մոբայլ շորթող տրոյացիներ: Իսկ 2023-ի նույն ամիսներին RiskTool-ի մասնաբաժինը կազմել է հայտնաբերված բոլոր սպառնալիքների 30,8%-ը, հայտնաբերվել է 370 327 տեղադրման վնասաբեր փաթեթ, որոնցից 59 167-ը եղել են մոբայլ բանկային տրոյացիներ, 1 318 փաթեթը՝ մոբայլ շորթող տրոյացիներ:

Ընդ որում՝ բանկային տրոյացիների նոր ունիկալ տեղադրման փաթեթների քանակը շարունակում է գրեթե նույն մակարդակի վրա լինել արդեն երրորդ եռամսյակն անընդմեջ եւ ապրիլ-հունիսին կազմել է 13 013:

Շորթիչների տեղադրման փաթեթների թիվը նվազել է 2024-ի առաջին եռամսյակի համեմատ (1 990), իսկ երկրորդում եղել է մոտավորապես նույն մակարդակի վրա (1 392), ինչ մեկ տարի առաջ (1 318): Դրանք ամենաշատն են եղել նույնպես 2023-ի չորրորդ եռամսյակում՝ 6 125 փաթեթ։

 «Կասպերսկի» ընկերության հայաստանյան ներկայացուցչություն

 

 

 

ՓԱՅՏ՝ ՄԻԱՅՆ ՆՊԱՍՏԱՌՈՒ 2500 ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Տավուշի մարզի սահմանամերձ, անտառաշատ բնակավայրերի բնակիչներին ամեն տարի աշնանը անտառում  8 խորանարդ մետր վառելափայտի թափուկ պատրաստելու, տնօրինելու  թույլտվություն էր տրվում։ Այս աշնանը վառելափայտի թափուկ նախատեսվել է ընտանեկան նպաստառու ընտանիքների համար։ Այս հարցով տեղեկատվական հարցում ենք ուղարկել Հայանտառ ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Սեւակ Մարկոսյանին։ Նրա պատասխանում նշված է. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի  «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի կողմից անտառամերձ բնակավայրերի բնակչությանն անվճար թափուկ վառելափայտի օգտագործման տոմսեր տրամադրելու ժամկետ է սահմանվել սույն թվականի սեպտեմբերի 9-ից նոյեմբերի 29-ը։ Տրամադրվող թափուկ վառելափայտի չափաքանակները հաշվարկված եւ սահմանված են՝ համաձայն «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի կառավարման պլանների՝ տարվա ընթացքում գոյացող թափուկ վառելափայտի ծավալներին համապատասխան։ «Անտառտնտեսություն» մասնաճյուղերին հանձնարարվել է տրամադրման ընթացքում առաջնահերթությունը տալ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, ընտանեկան եւ սոցիալական նպաստ ստացող անձանց։ Թափուկ վառելափայտի ծավալների եւ շահառուների քանակի վերաբերյալ տեղեկատվություն կարող ենք տրամադրել գործընթացի ավարտից հետո»։ «Հայանտառից» տրամադրել են նաեւ անվճար  թափուկ վառելափայտի բացթողնման չափաքանակները՝ համաձայն «Անտառտնտեսություն» Մասնաճյուղերի անտառկառավարման պլանների՝ Արծվաբերդի անտառտնտեսություն՝ 7 000 խմ, Նոյեմբերյանի անտառտնտեսություն՝ 5000 խմ, Սեւքարի անտառտնտեսություն՝ 4000 խմ, Իջեւանի անտառտնտեսություն՝ 3000խմ, ընդհանուր՝ 19000 խմ։ Այդ 19 հազար խմ-ն  2500 ընտանիքների համար  նախատեսված, 8 խմ ծավալով թափուկ վառելափայտի  ընդհանուր ծավալն է: Նոյեմբերի 29-ից հետ պարզ կդառնա, թե այդ 19 հազար խորանարդ մետրից որքանն է տրվել նպաստառու ընտանիքներին։ Թափուկ վառելափայտը միայն նպաստառու ընտանիքներին տրամադրելը հանգեցնելու է ձմռան շեմին  Տավուշում վառելափայտի թանկացմանը։

 

 

ՆՈՐ ԹՈՒՆԵԼ ԿԿԱՌՈՒՑՎԻ՞

Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային թունելի նորոգումը պետք է այս տարեսկզբից սկսված լիներ, սակայն չի սկսվել։ Կառավարությանը մերձ աղբյուրը հայտնեց` հաշվարկները ցույց են տվել, որ թունելի վերանորոգման ծախսերը համարժեք են նոր թունելի կառուցման ծախսերին։ Ուստի որոշվել է գործող թունելի կողքին կառուցել նոր թունել,գործող թունելն էլ թողնել որպես պահեստային:  Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անցած վեցուկես տարում  մեծածավալ որեւէ օբյեկտ չի կառուցել. ուստի նոր թունելի գործարկումը կասկածելի է։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս