«ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ» ԳՈՐԳԻ ՇՈՇԱՓԵԼԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար ստեղծվել է «Սասունցի Դավիթ» գորգի շոշափելի կրկնօրինակը՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի հավաքածուից։

 

1874 թ.-ին Պոլսում գրավոր առաջին անգամ հրատարակվել է «Սասունցի Դավիթ»-ը՝ հայ մեծագույն էպոսը, որը դարեր շարունակ գոյատեւել է ժողովրդի հիշողության մեջ: Շոշափելի կրկնօրինակը ստեղծվել է ի հիշատակ «Սասունցի Դավիթ» էպոսի առաջին հրատարակության 150-ամյակի, Ավետիք Իսահակյանի «Սասմա Մհեր» պոեմի 105-ամյակի: Այս եզակի գորգը ստեղծվել է 1939 թ.-ին՝ էպոսի 1000-ամյակի առիթով։ Մեկ տարի անց Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը նվիրում է այն Ավետիք Իսահակյանին՝ բանաստեղծի 65-ամյակի կապակցությամբ։ Հայ դյուցազներգությունն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Իսահակյանի ստեղծագործությունում, Վարպետը մշակել է էպոսի չորրորդ ճյուղը՝ «Փոքր Մհերը»:

«Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում ստեղծված շոշափելի կրկնօրինակը պատրաստվում է հիպոալերգեն պլաստիկից։ Պատկերը կկարողանան «տեսնել» կույր եւ տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ։

Շոշափելի գորգն ապահովված է տիֆլոմեկնաբանությունով (տիֆլոմեկնաբան՝ Արման Նավասարդյան)։

Բրայլի այբուբենով ներկայացված տեղեկատվությամբ, QR-կոդով՝ YouTube-յան ալիքում տեղադրված տիֆլոմեկնաբանության հղումով։ Տիֆլոմեկնաբանությունները ձեւավորվում են համապատասխան երաժշտությամբ։ Նախագծի ձայնային ինժեները, ռեժիսորը եւ գլխավոր փորձագետը Վահան Նահապետյանն է։

«Բոլորովին վերջերս նախագծի շրջանակում հանրությանը ներկայացրինք Երվանդ Քոչարի ձեւավորած «Սասունցի Դավիթ» էպոսի 7 պատկերազարդման շոշափելի կրկնօրինակները։ Հաշվի առնելով հոբելյանական կարեւոր իրադարձությունները՝ որոշեցինք անմասն չթողնել նաեւ «Սասունցի Դավիթ» գորգի շոշափելի կրկնօրինակի ստեղծման գաղափարը եւ իրականացրինք այս նախագիծը։ Շոշափելի կրկնօրինակն իր ուրույն տեղը կգտնի Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում»,- նշում է նախագծի հեղինակ եւ պրոդյուսեր, «Սարեր» մշակութային ՀԿ-ի նախագահ Էռնա Ռեւազովան։ «Շատերը չգիտեն, բայց երբ շատ ես ձեռք տալիս շոշափելի կտավների, զարգանում է շոշափելիքի զգայարանը։ Փաստորեն՝ ոչ միայն տեղեկանում ես, այլեւ մեկ այլ կարեւոր օգուտ ես ունենում՝ շոշափելիքի զարգացումը։ Ընդլայնվում է մատների տեսողությունը, զարգանում։ Այստեղ այնքան հետաքրքիր է ամեն ինչ սարքած, որ շոշափելիս ինֆորմացվում ես ձայնային ուղեցույցով՝ տիֆլոմեկնաբանությամբ, բայց նաեւ քեզ մոտ զարգանում է շոշափելիքը։ Դպրոցում սովորելուս տարիներին թղթերի վրա կետերով գծեր էին անում, որ շոշափենք. քառակուսիներ էին նկարում, եռանկյունիներ, որ շոշափելիքը զարգանա: Եվ սա շատ ավելի պրոֆեսիոնալ տարբերակ է ոչ միայն ինֆորմացվելու, այլեւ շոշափելիքը զարգացնելու։ Սա ձեռքերի տեսողության ընդլայնմանն ուղղված քայլ է»,- նշում է Վահան Նահապետյանը, ով հանդիսանում է ներառական նախագծի թիրախային խմբի ներկայացուցիչ։

Ծրագրի գործընկերն է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը։

 




Լրահոս