«Հայր եւ որդի Երեմյաններ» եւ Yeremyan Products ընկերությունները, որոնք, ինչպես արդեն գրել էինք, համարվում են իշխանությունների կողմից արտոնյալ, որոնք մասնակցում են պետական մասշտաբի բազմապիսի գնման մրցույթներին, հաղթում դրանք եւ իրականացնում են մեկ անձից գնման ընթացակարգով բոլոր ներկայացուցչական աշխատանքները, խոշոր փոխանցումներ են կատարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած դրամահավաքին։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջին մեկ ամսվա ընթացքում «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ն պետական կառույցներից գրեթե 2 մլն դրամ արժողությամբ գնում է իրականացրել։ Այդ կառույցներն են Երեւանի քաղաքապետարանը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն եւ ՀՀ վարչապետի աշխատակազմը։
Կատարված 9 գնումները եղել են մեկ անձից գնման ընթացակարգով՝ առանց մրցակցության։ Հիմնականում մատուցվել են կրկին ներկայացուցչական ծառայություններ, հյուրասիրության ծառայություններ եւ հանրային սննդի կազմակերպում։
Երեմյանների դեպքում հաճախ ենք նկատում, որ պետական համակարգի հետ պայմանագրեր կնքելը գրեթե միշտ կատարվում է մեկ անձից գնման եղանակով՝ առանց մրցույթի եւ մրցակցության:
Եվ հետաքրքիր է, որ սա չի առաջացնում կասկածներ, օրինակ, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում։ Երեմյանների առաջ բաց են կարծես բոլոր դռները, եւ նրանց բիզնեսն անխոչընդոտ առաջ է գնում։
Երեմյաններին պատկանող 16 ռեստորան ունեցող «Երեմյան փրոջեքթս» ընկերությունը եւս արտոնյալների ցանկում է։ «Հայր եւ որդի Երեմյաններ»-ը եւ ԱՆԻՖ-ի՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի «Ձեռնարկատեր+պետություն» ՓԲԸ-ն համատեղ ծրագիր են իրականացրել։ Այս ծրագրի շրջանակում 225 հա հողատարածք եւ սարքավորումներ են ձեռք բերվել, որոնք պետք է նպաստեին անասնակերի աճեցմանը եւ մշակմանը։ Ստացված հենց այդ բերքով են Երեմյանների՝ Ջերմուկի ֆերմայի կովերը սնվել։
Հաջորդիվ կներկայացնենք, թե ինչ ընթացքի մեջ է այդ ծրագիրը ԱՆԻՖ-ի լուծարումից հետո:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ 5-րդ կորպուսի հրամանատարի պաշտոնից վերջերս ազատված Սասուն Բադասյանի ազատման պատճառը եղել է այն, որ նա ատեստավորման քննությունների ժամանակ իր մերձավոր զինծառայողի գնահատականը փորձել է բարելավել: Տեղեկությունը հասել է նաեւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, որն էլ իր հերթին որոշել է պատժել կորպուսի հրամանատարին՝ հովանավորչության եւ ատեստավորման գործընթացի անաչառությանը հարված հասցնելու համար: Մեր աղբյուրը նաեւ նշեց, որ այլ շրջանակներում Սասուն Բադասյանի ազատման պատճառ է նշվում ակադեմիայում ուսումնառության գնալու հանգամանքը, սակայն իրական պատճառը եղել է հենց մեզ հասած տեղեկությունը: Մեզ լուրեր են հասել նաեւ, որ կորպուսի հրամանատարի նկատմամբ այդ կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց գտնել հրամանատարին, սակայն փորձերն անցան ապարդյուն. արձագանքի դեպքում «Ժողովուրդ» օրաթերթը պատրաստ է հրապարակել նաեւ վերջինիս մեկնաբանությունը։
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը իսկական կռվախնձոր է դարձել ՔՊ-ի ներսում։ Պատգամավորներից ամեն մեկն իր թեկնածուին է առաջ տանում, բայց արդյունքում չեն կարողանում որեւէ թեկնածուի շուրջ համաձայնության գալ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արդարադատության նախարարի թեկնածուն թեժ կռիվ է գցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի միջեւ։ «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ Ալեն Սիմոնյանը նախ Արփի Դավոյանի եւ Անդրանիկ Քոչարյանի հետ ձեռնամուխ է եղել, որպեսզի իր հարազատ նախարար Գրիգոր Մինասյանը հեռանա պաշտոնից, ապա վստահեցրել է զույգին, որ ամեն ինչ անելու է, որ Արփի Դավոյանը նախարար դառնա։ Վերջին պահին, սակայն, Ալեն Սիմոնյանը անակնկալ ձեւով Հրաչյա Հակոբյանի հետ առաջ է տարել իրեն ընկեր դարձած Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը, որը, սակայն, դարձյալ չի ընդունվել։ Արդյունքում, վարչության նիստում չի եղել մեկը, որը կպաշտպանի ու առաջ կտանի Արփի Դավոյանի թեկնածությունը, ավելին՝ մեծամասնության շրջանում արմատացած է եղել տեսակետը, որ ամոթ կլինի՝ Արփի Դավոյանը նախարար դառնա: Վարչության նիստին, սակայն, Ալեն Սիմոնյանը ներկա չի եղել. նա երկրից բացակայում է: Հիմա Անդրանիկ Քոչարյանը ամեն անկյունում բողոքում է Ալեն Սիմոնյանի վարքագծից, որ իր խոստման տերը չի եղել ու վերջին պահին հուսախաբ է արել։ Այսպիսով՝ ՔՊ-ում այս օրերին լարված մթնոլորտ է բարձր պաշտոնի համար. ՔՊ-ականները արդարադատության նախարարի ընտրությունը տապալելու համար միմյանց են մեղադրում:
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ԱԺ-ում է։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այն կներկայացնի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, որը կկայանա հոկտեմբերի 21-ին։ «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը ստորագրվել է 2024 թ. օգոստոսի 30-ին, հայաստանյան կողմից՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից: Ըստ կանոնակարգի՝ հանձնաժողովները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրով, եւ դրանով սահմանված հիմնարար սկզբունքի համապատասխան սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում նախնական համաձայնեցրել են սահմանագծի համապատասխան հատվածների անցումը՝ Խորհրդային միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Կանոնակարգը, հոկտեմբերի 21-ին հանձնաժողովում դրական եզրակացություն ստանալուց հետո, պետք է նաեւ քննարկվի ԱԺ լիագումար նիստի ընթացքում։ «Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը խուսափում է պատասխանատվությունից եւ չի ստորագրում Հայաստանի համար վճռորոշ իրավական որեւէ փաստաթուղթ: