Խաղաղության պայմանագիրը Հայաստանի՝ չակերտների մեջ առնված խաղաղությունն է, որը հանգիստը «կորցրել է» վերջին 4 տարիներին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ ձգտում է Ադրբեջանի հետ ստորագրել «Խաղաղության պայմանագիր», սակայն Ադրբեջանի նախագահն իրեն հատուկ պահանջատիրական պնդմամբ՝ հայցում է պայմանագրի բոլոր կետերի վերաբերյալ համաձայնություն։ Եթե խաղաղության պայմանագրի ամբողջական տեքստը չի հաջողվում ստորագրել, առաջարկում են ստորագրել արդեն իսկ համաձայնեցված կետերը ներառող փաստաթուղթ: Եթե դա էլ չի հաջողվում, համաձայն են ստորագրել սկզբունքների շուրջ պայմանագիր: Եթե անգամ դա էլ է մերժվում Ադրբեջանի կողմից, ապա Հայաստանը պատրաստ է մի որեւէ այլ թուղթ ստորագրելու: Իրատես եւ տրամաբանող յուրաքանչյուր ոք հասկանում է, որ ո՛չ «Խաղաղության պայմանագիրը», ո՛չ որեւէ այլ փաստաթուղթ չեն բացառելու նախագահ Իլհամ Ալիեւի կողմից նոր պատերազմի հավանականությունը: Երկկողմ ստորագրված փաստաթղթերը զսպող գործոն են միայն:
Մինչ Ադրբեջանի նախագահը շարունակում է մեղադրել Երեւանին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում ժամանակ ձգելու մեջ եւ նոր նախապայմաններ է դնում Հայաստանի առջեւ, Նիկոլ Փաշինյանն ամեն պատեհ-անպատեհ իրավիճակներում տարբեր բարձր ամբիոններից առիթը բաց չի թողնում հայտարարելու՝ Հայաստանը պատրաստ է «Խաղաղության պայմանագիր» ստորագրել Ադրբեջանի հետ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովում ասել է. «Կա 13 հոդված, որոնք ամբողջությամբ պաշտոնապես համաձայնեցված են «Խաղաղության պայմանագրի» նախագծում, նախաբանն ամբողջությամբ համաձայնեցված է, թղթի վերնագիրն ամբողջությամբ համաձայնեցված է, եւս 3 հոդված մասնակի է համաձայնեցված, այսինքն՝ հոդվածում կան մասեր, կա նախադասություն, որ համաձայնեցված է. կա եւս մեկ հոդված, որ ընդհանրապես համաձայնեցված չէ: Օրինակ՝ ամենասկզբում «Խաղաղության պայմանագրի» երկրորդ, երրորդ խմբագրությունները ունեցել են 18 հոդված, այսինքն՝ ինչ-որ հոդվածներ դուրս են եկել, օրինակ՝ Ադրբեջանն ինքը հայտարարեց կոմունիկացիաների հոդվածի դուրս գալու մասին, այսինքն՝ մնացել են 17-ը»։
Ադրբեջանը պահանջում է բոլոր կետերի շուրջ համաձայնություն։
44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցին ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացրել են՝ «Խաղաղության պայմանագրի» որ կետերի շուրջ են բանակցություններն անավարտ՝ այն համարելով կապիտուլյացիոն համաձայնագիր։
«Սկզբում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հաշտության պայմանագրի տարբերակում կար 33 կետ, հետո՝ 30, հետո բանակցություններից հետո՝ 17, հետո Ադրբեջանը հրաժարվեց Զանգեզուրի միջանցքի հետ կապված կետից եւ ընդհանուր միավորը դարձավ 16։ Դրանցից 13-ը համաձայնեցված են, իսկ 3-ը՝ ոչ. հայկական կողմի մերժած այս 3 կետերն են, որ հիմք են հանդիսանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղության եւ համապարփակ երկկողմ հարաբերությունների համար։ Փաստն այն է, որ կետերից առաջինը վերաբերում է անվտանգության խնդիրներին, երկրորդը՝ Հայաստանի սահմանադրությանը, այսինքն՝ հայկական պետականության իրավական ասպեկտներին, որտեղ իրականում առկա է ապագայում խաղաղության պայմանագիրը չեղյալ հայտարարելու սպառնալիք, եւ երրորդ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում լինելը։ Այս կետերը նախագծից ուղղակի բացառելը շատ անլուրջ քայլ էր, քանի որ համաձայնեցված բոլոր կետերից միայն այս երեքն են Բաքվի համար սկզբունքային նշանակության, այդ մասին մշտապես ասել է Ադրբեջանի նախագահը»,- գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հայաստանի վարչապետը վերջին ասուլիսին տեղեկացրեց, որ Երեւանն ու Բաքուն ամբողջովին համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի 17 հոդվածից 13-ը: Դեռ պարզ չէ, թե խաղաղության պայմանագրի չհրապարակված կետերն ինչ են սահմանում, սակայն պարզ է, որ «Խաղաղության պայմանագրի» հետեւում ամենեւին էլ խաղաղությունը չէ։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ, ՄԻՋՈՑԱՌՈՒՄՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ, ՓԱԿ ԿԼԻՆԵՆ
Էրեբունի-Երեւան 2806-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումներով պայմանավորված՝ սույն թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ից մինչեւ հոկտեմբերի 12-ի ժամը 21:00-ն, փակ է լինելու «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի դիմացի հրապարակը: Այդ մասին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից:
Ըստ այդմ՝ Երեւանի ներհամայնքային ավտոբուսային հ. 18, 38, 56 երթուղիների աշխատանքը ժամանակավորապես կկազմակերպվի Ազատամարտիկների, Նորաշենի փողոցներով մինչեւ Գ. Մահարու փողոց, այնուհետեւ՝ գործող ուղեգծերով:
Նույն ժամանակահատվածում կդադարեցվի տրոլեյբուսային հ.2 երթուղու աշխատանքը, իսկ հ.2 «Ա» երթուղու աշխատանքը կկազմակերպվի բնականոն ռեժիմով:
Ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը: