Հայաստանում շուտով՝ ի լրում ներկայումս կիրառվող նորմատիվային ակտերի, կարող են ներդրվել նաև «եվրոկոդերը»՝ եվրոպական քաղաքաշինական ստանդարտները։ Դրանք հնարավորություն կտան, որ Հայաստանում կառուցվող անշարժ գույքը լինի ավելի ապահով, գեղեցիկ և հարմարավետ։
Այս նախաձեռնության առաջին քայլն իրականացվել է. Քաղաքաշինության Կոմիտեում օրերս հանդիպում է տեղի ունեցել Քաղշին Կոմիտեի ղեկավարների և «Ռենիշին» քաղաքաշինական ներդրումային ընկերության ներկայացուցիչների և ընկերության հրավերով Հայաստանում գտնվող «Առուպ» ընկերության ներկայացուցիչների միջև։
Բարդ ինժեներական կոնստրուկցիաների նախագծման ոլորտի համաշխարհային բացարձակ առաջատար անգլիական «Առուպ» ընկերության գլոբալ օպերացիոն տնօրեն Մարկ Չաունը և Իտալիայի գրասենյակի ղեկավար Մաուրիցիո Տեորան ներկայումս աշխատում են «Ռենշինի» «Սքայլայն» նախագծի վրա, իսկ Տեորան նախագծի կոնստրուկտորն է։ Առաջին անգամ մեր երկրում կիրառվելու է «Առուպի» տասնամյակների փորձը, բազմահարկ, սեյսմակայուն կառույցների ինժեներական պրակտիկան։
Կարևոր է նաև այն, որ «Առուպի» ղեկավարները պատրաստակամություն են հայտնել եվրոպական ստանդարտների մշակման և լրամշակման իրենց փորձը բերել Հայաստան՝ նպաստելով մեր քաղաքաշինական նոր նորմերի ձևավորմանը։
Քաղաքաշինության կոմիտեից հույս են հայտնել, որ «Առուպը» նաև պատրաստակամություն կհայտնի իր բազմակողմանի և արժեքավոր փորձը փոխանակել և նպաստել ոլորտի երիտասարդ մասնագետների կայացմանը։ Այս հարցում կարևոր է նաև «Ռենշին» ընկերության մոտեցումը, որն ամեն առիթով իր նախագծերում ներգրավված մասնագետների ու տեղի երիտասարդն մասնագետների հանդիպումներ է կազմակերպում։
ArmLur.am-ի հարցին ի պատասխան՝ «Ռենշին» ընկերությունից տեղեկացրին, որ հանդիպման մասնակիցները պայմանավորվել են առաջիկայում ևս հանդիպումներ կազմակերպել՝ եվրոպական ստանդարտների՝ Հայաստանում ներդրման գործընթացն ավելի ինստիտուցիոնալ դարձնելու, համագործակցության տարբեր ուղղությունները զարգացնելու նպատակով։ Առաջիկայում նաև կկնքվի համագործակցության հուշագիր՝ անգլիական հեղինակավոր ընկերության և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի միջև։
Հիշեցնենք, որ առաջին անգամ Հայաստանում, ըստ հաստատված նախագծի, կառուցվելու է 35 հարկանի 5 բարձրահարկ շենք, որոնց բարձր սեյսմակայություն ապահովող կոնստրուկցիան և ինժեներիան նախագծել է հենց ոլորտի համաշխարհային առաջատար, աշխարհում ամենաբարդ ինժեներական կառույցների նախագծման մեծ փորձ ունեցող անգլիական «Առուպ» ընկերությունը։
«Սքայլայն» թաղամասում առկա բոլոր ենթակառուցվածքները բաց են լինելու հանրային օգտագործման համար։
«Սքայլայն» ներդրումային ծրագիր է, որի շրջանակներում առաջիկա 3 տարիների ընթացքում «Ռենշին» ընկերությունն իրականացնելու է ավելի, քան 100 մլրդ դրամի ներդրում։ Ծրագրի իրագործման ընթացքում ստեղծվելու է 2000-ից ավել աշխատատեղ՝ տարբեր ոլորտների մասնագետների համար։ «Սքայլայն» նախագծի շրջանակներում ստեղծվում է ՏՏ կլաստեր՝ ինովացիոն միջավայրով՝ աշխատելու, ապրելու և ժամանցի համար։