ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին ընդառաջ հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստ, որին մասնակցել է Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը։ Լսումների ընթացքում առաջադրվել է Հայստանին առնչվող 2 բանաձև։
Համաձայն ընթացակարգի՝ բանաձևի նախագիծը ներկայացնում է հեղինակներից մեկը: Առաջին բանաձևի հեղինակներն են պատգամավորներ Իսա Կահրամանը (NSC) և Դոն Սեդերը (ChristenUnie)։
Ներկայացնելով բանաձևի նախագիծը՝ Ի.Կահրամանը նշել է, որ իրենք սատարում են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, սակայն ներկայացնում են առաջարկ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ։
Բանաձևի մեջ մասնավորապես նշվում է, որ նկատի ունենալով, որ ադրբեջանական բանակը 2023 թվականի սեպտեմբերին հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա, ինչի հետևանքով գրեթե ամբողջ բնակչությունը փախել է Հայաստան և մինչ օրս չի վերադարձել իրենց տները, քանի որ Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը այդ տարածքում, կոչ ենք անում կառավարությանը՝ հանդես գալ հայկական մշակութային ժառանգության պաշտպանության օգտին՝ ինչպես ԵՄ, այնպես էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի շրջանակներում։
ԱԳ նախարարը բանաձևի նախագծին առարկություններ չի ներկայացրել՝ հաստատելով, որ Լեռնային Ղարաբաղում տեղի է ունեցել ռազմական սրացում, ինչն ունեցել է հետևանքներ, և որ կառավարությունը կողմ է հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու կոչին։
Բանաձևն ընդունվել է խորհրդարանի ձայների ճնշող մեծամասնությամբ։