ԽԱԲԵԲԱ ՀԱՄԲԱՎԻՍՏՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեկ տուգանել է մի քանի ընկերությունների ու խոշոր խանութների ցանցերի, որոնք կարագի անվան տակ տեւական ժամանակ բուսասերուցքայի սփրեդ են վաճառել: Առանց այդ էլ թերսնվող մեր ազգաբնակչությանը կարագի անվան տակ հայերեն անվանումը չունեցող «սփրեդ» կոչված աղբը վաճառած հինգ ներկրող եւ հինգ իրացնող ընկերություններ տուգանվել են երեքական միլիոն դրամով: Եթե ներկրող ընկերությունների անունները խանութներից օգտվող հասարակ քաղաքացիներին ոչինչ չեն ասում, ապա սփրեդն իրացնող խանութները բոլորին քաջ հայտնի են: Սակայն  ավելորդ չէ եւս մեկ անգամ դրանք նշել, որպեսզի այսուհետ հանրությունը տեղյակ լինի, թե որտեղից ինչ սպասի:  Եu այսպես, իրենց հաճախորդներին շարունակաբար խաբել եւ կարագի անվան տակ սերուցքային սփրեդ են վաճառել  «Ալեքս Գրիգ», «Սաս գրուպ», «Սթար Դիվայդ», «Ֆրեշ» եւ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցերը:
    Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ վերը նշված ընկերությունները պատկանում են իշխանությունների հետ ամենասերտ հարաբերություններ ունեցող անձանց: Բավական է նշել միայն «Սթար»-ի եւ «Ֆրեշ»-ի սեփականատեր Աֆանդյանի անունը, որը նաեւ «Արզնի գրուպ»-ի սեփականատերն է, «Ալեքս Գրիգ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի` Լֆիկ Սամոյի  եւ «ՍԱՍ գրուպ»-ի սեփականատեր Արտակ Սարգսյանի` Սասի Արտակի անունները: Այս  վերջինն, ի դեպ, եւս ԱԺ պատգամավոր է եղել, եւ ըստ որոշ լուրերի` կրկին պատրաստվում է դառնալ: Հիմա եթե մենք այս  պարոններին վերցնենք ու հրապարակավ խաբեբաներ անվանենք, նրանք կարող են մեզ դատի տալ` իրենց բարի համբավն արատավորելու համար: Ամբողջ աբսուրդն այն է, որ` այո՛, կարող են: Մարդը կարող է համարել, որ ինքը բարի համբավ ունի եւ տեղի ունեցածը կարող է բարդել «աշխատակիցների ցածր պրոֆեսիոնալիզմի ու անփորձության» վրա: Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ այդ «անփորձ» աշխատակիցները, չգիտես ինչու, ոչ մի անգամ կարագը սփրեդի տեղ չեն վաճառել, այլ սխալվել են միայն հակառակն անելիս` միլիոնների գերշահույթներ ապահովելով իրենց տերերին:  
 Ինչեւէ, չցանկանալով փնովել իշխանությունների թեկուզ փոքր, բայց դրական քայլը, հույս ունենանք, որ ՏՄՊՊՀ հանձնաժողովի նման գործունեությունը ոչ թե նախընտրական  շրջանում Սերժ Սարգսյանի վարկանիշի բարձրացմանն ուղղված քարոզչական քայլ է, այլ հետեւողական ու անընդհատ գործընթաց: Իսկ դրա համար շատ բան պետք չէ: Սկզբի համար, թերեւս, վերը նշված գործարարների մուտքն ԱԺ փակելն էլ վատ չէ: Իսկ ոչ պատգամավորների մասով գոնե մի քիչ «կապերը ձգեն», որ ստվերային միլիարդատերի իմիջով տարված` սերունդներին չդեգրադացնեն:




Լրահոս