ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ հոկտեմբերի 12-ին Կալիֆոռնիայում տեղի ունեցած նախընտրական հանրահավաքի ժամանակ ձերբակալված տղամարդն ուներ լիցքավորված մեկ ատրճանակ և հրացան՝ մեծ տարողությամբ պահեստատուփով, մեքենայի կեղծ պետհամարանիշներ և տարբեր անձնագրեր։ Այս մասին հաղորդում է CBS News-ը։
49-ամյա կասկածյալ Վեմ Միլլերին իրավապահները կանգնեցրել են, նախքան Թրամփը կժամաներ հանրահավաքին։
Հոկտեմբերի 13-ին անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ Ռիրվերսայդի շրջանի շերիֆ Չադ Բիանկոն, որի բաժանմունքը մասնակցում էր անվտանգության միջոցառումների կազմակերպմանը, հայտարարել է, որ Միլլերի մեքենայի կեղծ պետհամարանիշն է իրենց ստիպել հետաքննել տղամարդուն։ Մեքենայում հայտնաբերվել են մի քանի անձնագրեր և վարորդական իրավունքներ՝ տարբեր անուններով, իսկ զենքերը եղել են ապօրինի։ Տղամարդուն ձերբակալել են առանց որևէ միջադեպի։
Ռիվերսայդի շրջանի շերիֆը նշել է, որ ըստ իրեն՝ կանխվել է Թրամփի դեմ հերթական մահափորձը, իսկ ԱՄՆ դատախազությունից հայտնել են, որ նախկին նախագահին որևէ վտանգ չի սպառնում։ Դաշնային պաշտոնյաներից մեկն էլ CBS-ին հայտնել է, որ մահափորձի որևէ նշան չի հայտնաբերվել՝ կապված այս միջադեպի հետ։
Կասկածյալի դեմ մեղադրանք են առաջադրել զենքի հետ կապված օրենքները խախտելու համար. նրան բաց են թողել։
Նոյեմբերի 5-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ արդեն երկու մահափորձ է իրականացվել վերջին երեք ամիսների ընթացքում։ Թրամփի դեմ առաջին մահափորձն իրականացվել է Փենսիլվանիայի նահանգի Բաթլեր քաղաքում անցկացվող հանրահավաքի ժամանակ։ Թրամփը վիրավորել էր աջ ականջից, 20-ամյա հրաձիգ Թոմաս Քրուքսը սպանվել էր դեպքի վայրում։
Սեպտեմբերի 15-ին Թրամփի դեմ մահափորձ էր կատարվել Ֆլորիդայում գտնվող նրա գոլֆի դաշտում։ Գաղտնի գործակալները ժամանակին էին նկատել թփերի մեջ թաքնված 58-ամյա կասկածյալ Ռայան Ուեսլի Ռութին, որը ձերբակալվել է։