2024թ․ հոկտեմբերի 13-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի կենտրոնացման շրջանում հայտնաբերվել է մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ կզակի շրջանում հրազենային վիրավորումով:
Դեպքի առթիվ 2024թ․ հոկտեմբերի 13-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը`պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով) նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին։
Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ։ Մասնավորապես, իրականացվել է դեպքի վայրի և դիակի զննություն։ Դիակից ստացվել են անհրաժեշտ փորձանմուշներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ են տրվել ՀՀ ՊՆ ՌՈ բաժանմունքների, ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժնի աշխատակիցներին։
Զորամասից ստացվել են անհրաժեշտ փաստաթղթեր, ծառայություն իրականացրած զինծառայողներից ստացվել են փորձանմուշներ, որոշումներ են կայացվել նաև դատաբժշկական փորձաքննություններ նշանակելու մասին: Հարցաքննվել են տուժողի մի շարք համածառայակիցներ, սպայական կազմի ներկայացուցիչներ։
Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ բոլոր վարութային և ապացուցողական գործողությունները՝ կատարվածի պատճառները, հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: