Ռուսաստանի Բելգորոդի մարզի իշխանությունները հայտնել են, որ ուկրաինացի զինվորականները մեկ օրում մոտ 55 արկ են արձակել Բելգորոդի մարզի բնակավայրերի ուղղությամբ: Հարձակումներ են իրականացվել նաև անօդաչու թռչող սարքերով։ Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ում հայտնել է, որ զոհվել է խաղաղ բնակիչ:
Գլադկովը հավելել է, որ վիրավորվել է ինքնապաշտպանության ուժերի երկու մարտիկ:
Իր հերթին «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը, վկայակոչելով մոնիթորինգային ալիքները, նշում է, որ 47 օրվա ընթացքում առաջին անգամ Ռուսաստանը գիշերն Ուկրաինայի վրա չի արձակել «Շահեդ» ԱԹՍ-ներ։
Միևնույն ժամանակ Զապորոժիեի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը հայտարարել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական ուժերը Զապորոժիեի մարզի ինը բնակավայրերին 177 հարված են հասցրել. ավերվել են բնակելի տներ և ենթակառուցվածքի օբյեկտներ։ Խաղաղ բնակիչները չեն տուժել։
Իսկ հոկտեմբերի 13-ին Խերսոնի մարզի վրա ԱԹՍ-ով հարձակման հետևանքով, ըստ տեղի իշխանությունների, 1 մարդ է զոհվել։