Հայկական մի շարք ակումբների ֆան-շարժումները միանում են FAF-ի՝ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական մի քանի ակումբների ֆան ակումբները հանդես են եկել միասնական հայտարարությամբ՝ անդրադառնալով հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակին:

Հայտարարությունը ստորագրել են «Արարատ-Արմենիայի» «Ալֆա» ֆան֊ակումբը, «Փյունիկի» «Սեկտոր-18» ֆան ակումբը, «Ուրարտուի» «South-West Ultras» ֆան ակումբը և «Շիրակի» «Սև Հովազներ» ֆան ակումբը:

«Դեռ ամիսներ առաջ՝ ՀՖՖ նախագահի ընտրություններից առաջ, հանդես եկանք համատեղ հայտարարությամբ, որում պնդեցինք, որ ՀՖՖ գործող ղեկավար կազմի վերընտրվելու դեպքում հայկական ֆուտբոլը ոչ միայն չէր բարձրանալու նոր մակարդակի, այլ շարունակելու էր իր ազատ անկումը:

Ցավոք՝ մենք ճիշտ էինք մեր պնդումներում: Դրա վառ ապացույցը տոտալ ձախողումներն են, որոնք արձանագրվել են ընտրություններից հետո։ Տարբեր տարիքային հավաքականների, մանկապատանեկան ֆուտբոլի, ազգային հավաքականի և ակումբային ֆուտբոլի պատասխանատուները մատնված են անգործության, իսկ ոմանք գիտակցաբար խոչընդոտում են դրանց զարգացմանը։

Հայկական ֆուտբոլն այս պահին գոյություն ունի միայն մասնավորի շնորհիվ։ Հայաստանի Պրեմիեր Լիգայի հանդիպումները շարունակում են նշանակվել աշխատանքային օրերի աշխատանքային ժամերին, բացակայում է առողջ համագործակցությունը ՀՖՖի և ակումբների միջև, իսկ ֆանատական մշակույթի զարդարանք պիրոտեխնիկայի օգտագործման տուգանքները նշանակվում են անտրամաբանորեն և անհիմն բարձր` հերթական ձևով փորձելով զսպել ու սահմանափակել զարգացող ֆանատական մշակույթը։

Վստահ էինք առաջ և ավելի վստահ ենք հիմա` նման իրավիճակում, առանց փոփոխությունների հայկական ֆուտբոլն ապագա չունի։

Հայկական ակումբների ֆան-շարժումները միանում են Առաջին Հայկական Ճակատի (FAF)` ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջին: Պատրաստ են միանալ նաև առաջիկա գործողություններին ու ակցիաներին»,- ասվում է ֆան ակումբների տարածած հայտարարության մեջ:




Լրահոս