«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկի վերջին 10 տարիների գլխավոր հաշվապահ, այժմ ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանի ամուսինը՝ Վարդան Սարգսյանը, մի քանի ընկերություններում աշխատելով, պետությանը հասցրել է գրեթե 35-40 մլն դրամի վնաս։ Կնոջ գործոնով պայմանավորված՝ այդ մասին որեւէ պաշտոնական հայտարարություն չի հնչել, ամեն բան կոծկվել է, իսկ պատիժը եղել է ընդամենը հասցված վնասի վերականգնումը: Ընկերության աշխատանքի պատճառով հասցված վնասը եղել է 2013-2022 թվականներին։
Համաձայն Վարդան Սարգսյանի հայտարարագրի՝ նա երեք ընկերություններից ստացել է աշխատանքի վարձատրություն՝ «ՖԻՇՄԵՆ ԻՄՊՈՐՏ», «ԱՐՏՖԱՐՄ», «ՔԼԵՎՐ ՏԵՔ» ընկերություններից՝ համապատասխանաբար 4 մլն 200 հազար, 312 հազար դրամ եւ 510 հազար դրամ։ Ընկերությունները պատկանում են 3 տարբեր անձանց։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս չարաշահման վերաբերյալ քրեական վարույթ կա նախաձեռնված, իսկ Վարդան Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավված եղել այս գործում։ Սարգսյանը անգամ խոստովանել է, որ չարաշահում է թույլ տվել, վնասը փոխհատուցվել է, ինչի պատճառով այս գործը ծածկադմփոց են արել ու կոծկել, քանի որ Հասմիկ Հակոբյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ընկերուհիներից է եւ վաղեմի գործընկերը՝ դեռ ԾԻԳ-ում աշխատելու ժամանակահատվածից: Այս պատճառով ծածկել են գործը, եւ որեւէ իրավական կառույց պաշտոնական հայտարարություն չի տարածել հիշյալ չարաշահման գործով։ Այժմ էլ Հասմիկ Հակոբյանը ԿԳՄՍՆ-ում համարվում է Անդրեասյանի աջ ձեռքը. բոլոր ֆինանսական հարցերը լուծվում են Հակոբյանի միջոցով:
Զուգահեռ սրան նշենք, որ եթե նախկին իշխանությունից որեւէ մեկը նման չարաշահումների էպիկենտրոնում հայտնվեր, ներկայիս իշխանությունը կթմբկահարեր այդ մասին բոլոր հնարավոր հարթակներում։ Այնինչ ներկայիս իշխանությունների չարաշահումները կամ կոռուպցիոն սկանդալները «պահում եւ փայփայում» են։ Փաստ է, որ ներկայիս պաշտոնյայի ամուսինը որեւէ պատասխանատվության չի ենթարկվել:
Հարկ է նշել, որ Հասմիկ Հակբոյանը եւս, մինչեւ ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար դառնալը, «ՔԼԵՎՐ ՏԵՔ» լոգիստիկ ընկերությունից ստացել է 118 հազար դրամ եկամուտ։
«Ժողովուրդ» օրաթերթը հիմնավորում կամ պարզաբանում ստանալու համար դիմեց ՀՀ ԿԳՄՍ նախարարություն։ Սկզբում խոստացան Հակոբյանի հետ խոսել, ապա կապվել մեզ հետ, սակայն մինչեւ այժմ որեւէ պատասխան չենք ստացել։
Հեղափոխությունից հետո լեգենդար «պոզով-պոչով» կոռուպցիան այս տեսքն ունի»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: