ՄԻԱՅՆ ԱՄՈՐՁԱՏԵԼԸ ՔԻՉ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ախթալայի քաղաքապետ Հայկազն Խաչիկյանը կարծում է, որ Ախթալայում կատարած մանկապղծության համար Սերոբ Տեր-Պողոսյանի նկատմամբ կայացված դատավճռով թեեւ օրենքով նախատեսված առավելագույն պատժաժամկետը սահմանվել է, սակայն կատարած արարքի համեմատ, այնուամենայնիվ, մեղմ է:
-Ինչպե՞ս կմեկնաբանեք Սերոբ Տեր-Պողոսյանի հանդեպ կայացված վճիռը:
-Դա առավելագույն պատիժն էր, որ սահմանված է օրենքում: Ըստ իս, եթե Քրեական օրենսգիրքն ավելի մեծ պատիժ նախատեսեր, ապա դատարանն ավելին կտար նրան: Դժբախտաբար, 15 տարվա ազատազրկումն առավելագույնն է, որ նախատեսում է օրենքը: Եթե հաշվի առնենք, որ նման արարք կատարվել է անչափահասների նկատմամբ, եթե համեմատենք, որ ԱՄՆ-ում այս արարքի համար 30 տարվա ազատազրկման են դատապարտում, իսկ որոշ երկրներում` ավելի խիստ պատժի արժանացնում, կարելի է ասել, որ Սերոբ Տեր-Պողոսյանի համար սա թեթեւ պատիժ էր:
-Այս համատեքստում ինչպե՞ս եք վերաբերվում ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով նա առաջարկում է նման դեպքերում ընդհուպ մինչեւ ամորձատել:
-Ես կարծում եմ` ճիշտ կլիներ ե՛ւ ամորձատելը, ե՛ւ դրանից բացի նաեւ դատապարտելը: Միայն ամորձատումը նման արարքների համար քիչ է, պետք է նաեւ դրան զուգահեռ դատապարտել ազատազրկման:
-Ինչպե՞ս կմեկնաբանեք այն  փաստը, որ Սերոբ Տեր-Պողոսյանի կողմից պղծված, սեռական ոտնձգության ենթարկված երեխաների ծնողները ե՛ւ դատարանում էին փորձում սատարել նրան, ե՛ւ այս օրերին էլ տարբեր լրատվամիջոցներով հանդես են գալիս մանկապղծության մեջ մեղադրվողին արդարացնող հրապարակումներով:
-Սերոբին պաշտպանող այդ ծնողները մեծամասամբ չունեն ամուսիններ, ես ծանոթ եմ` մի ժամանակ ինչ վարք են ունեցել նրանք եւ ինչ վարք ունեն այսօր: Մի ժամանակ դեպի Բագրատաշեն տանող ճանապարհի եզրին ժամանակավոր կառույցներում էին իրենք իրենց հացը վաստակում: Գործով անցնողներն ընդամենը 10 երեխաներ են, եւ նրանց մեծամասնությունը միակողմանի ծնողազուրկ 1, խոցելի խմբի երեխաներ են: Նորմալ ընտանիքի երեխան չէր հայտնվի զոհերի շարքում, ծնողներն ավելի հետեւողական կլինեին երեխաների դաստիարակության հարցում:
-Ձեզ` որպես քաղաքապետի, մտահոգո՞ւմ է, որ ծնողները սատարում են մանկապիղծին:
-Ես չեմ բացառում, որ հաճախ ծնողների անունից Սերոբ Տեր-Պողոսյանի լրատվական ծառայությունը, այսինքն` կոմբինատի հասարակայնության հետ կապերի բաժինն է հանդես գալիս, նրանց դրդում Սերոբին արդարացնող քայլերի: Բայց դա չի կարող արդարացնել այդ ծնողների նմանօրինակ պահվածքը: Ծնողները փոխանակ բողոքեին, դատապարտեին այդ արարքը, այսօր կանգնել, շահադիտական նկատառումներով սատարում են: Չնայած, եթե մարդը ժամանակին ինքն իրեն է ծախել, այսօր էլ իր երեխային է ծախում… ի՞նչ կարող ենք անել:
-Այնուամենայնիվ, Ախթալայում Սերոբ Տեր-Պողոսյանի կատարած արարքն ի՞նչ արձագանք է ունեցել. ախթալացիները դե՞մ են նրան, թե՞ այդ ծնողների նման սատարում են:
-Ծնողների արտահայտած կարծիքն Ախթալայի կարծիքը չէ: Ախթալայում բացասաբար են վերաբերվում ե՛ւ Սերոբին, ե՛ւ նրան սատարող ծնողներին, ե՛ւ կոմբինատի ղեկավարությանը: Պարզապես այս ամիսներին նրանք փորձել են վախի մթնոլորտ սերմանել, թե` ա՛յ Սերոբը կգա, նա հիմա Ծաղկաձորում կամ Ջերմուկում հանգստանում է, կալանավորված չէ, որեւէ խնդիր չկա: Դա անում էին, որ մարդիկ բողոքի ձայն չբարձրացնեն: Հոգեբանական ճնշումներով փորձել են մարդկանց զսպել, որ դատավարության ընթացքում բողոքի ալիք չբարձրացնեն: Ժողովուրդը ծանր սոցիալական վիճակում է գտնվում, ցածր աշխատավարձով գոյատեւում, եւ այդ հոգեբանական ճնշումները որոշակի ազդեցություն ունենում էին:
-Ի վերջո, տարօրինակ չէ՞, որ նման մարդը վարչապետի խորհրդականն էր, ոստիկանությանն առընթեր հասարակական խորհրդի անդամ:
-Այդ հարցին ես չեմ կարող պատասխանել, այդ հարցը պետք է ուղղել նրանց, ում հետ աշխատել է նա: Ես կարող եմ ասել, որ նա նոր չի եկել Հայաստան, այլ 1995թ. փորձել է տարբեր բիզնեսներ դնել ու չի ստացվել: Իսկ Ախթալայում նա ամենաքիչ ներդրումն է ունեցել, կամ որ ավելի ճիշտ է` ընդհանրապես չի ունեցել: Նրա մոտ մարդիկ աշխատում էին ճարահատյալ, քանի որ այլ աշխատանքի տեղ չկա: Իսկ աշխատում են ամենացածր աշխատավարձով, հազիվ գոյություն քարշ տալիս:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս