«Խաղաղության պայմանագիրը» մաս-մաս ստորագրելու Փաշինյանի առաջարկը միանգամայն անիրատեսական է․ Իլհամ Ալիև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի բոլոր կետերը հավասարապես կարևոր են և չեն կարող իրարից տարանջատվել։ m.minval.az-ի փոխանցմամբ՝ այս մասին Իլհամ Ալիևն ասել է Ադրբեջանում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժուլիեն դե Ֆրեպոնին՝ նրա հավատարմագրերն ընդունելիս։

Այս առումով նա «միանգամայն անիրատեսական» է որակել ՀՀ կառավարության առաջարկը՝ «ստորագրել այն ամենը, ինչ արդեն համաձայնեցվել է, իսկ չհամաձայնեցված կետերը թողնել հաջորդ փուլերին»: Ալիևն ասել է, որ նման մոտեցման նախադեպեր չգիտի։

«Մեր տարածքների օկուպացիայի ժամանակ գործել են «Մադրիդյան գործընթացի» խիստ սկզբունքները, որոնցից մեկն այն դրույթն էր, որ ոչ մի պայմանավորվածություն չի կարող ձեռք բերվել առանց բոլոր հարցերի համաձայնեցման: Այս դիրքորոշումը փոխադարձաբար աջակցվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Հայաստանի և Ադրբեջանի կողմից, և մենք շարունակում ենք հավատարիմ մնալ դրան։ Ցավոք, որոշ անդամներ փոխել են իրենց դիրքորոշումը և այժմ աջակցում են Հայաստանի անիրատեսական առաջարկին։

Հայկական կողմը հաճախ է առաջարկություններ անում, որոնք իբր վկայում են խաղաղության ձգտման մասին, թեեւ նախապես գիտի, որ դրանք չեն կարող ընդունվել: Չնայած այդ ամենին՝ գործընթացը շարունակվում է։ Մեր հողերի օկուպացիայի շրջանում՝ 1992-2020 թվականներին, 28 տարվա բանակցություններն արդյունք չեն տվել։ Այժմ բանակցություններն ընթանում են արդեն երկու տարի։ Ուստի կարեւոր է պահպանել համբերությունը, լինել իրատես եւ հավատարիմ Հարավային Կովկասում խաղաղության հասնելուն»,- հայտարարել է Ալիևը։




Լրահոս