ArmLur.am-ի խմբագրություն «Արթ Լանչ»-ից օգտվող քաղաքացիներն ահազանգում են, որ սննդի ցանցում նոր թանկացումներ են:
Այս անգամ սննդից բացի թանկացել են սննդի համար նախատեսված տարաները, որոնք նախկինում անվճար էին: Տարաների արժեքը դարձել է 70 դրամ:
Հաճախորդների խոսքով՝ թանկացել են անգամ տոպրակները, հիմա դրանց արժեքը տատանվում է 30-ից 50 դրամի սահմաններում:
Փաստ է, որ «Արթ Լանչ» սննդի ցանցը Հայաստանում մեծ ճանաչում ունի և մեծ թվով հաճախորդներ: Այսինքն կարելի է ենթադրել, որ իր հաճախորդների մեծ թիվը հաշվի առնելով՝ սննդի կենտրոնի սեփականատերը փորձում է ավել գումար աշխատել:
ArmLur.am-ը կապ հաստատեց «Արթ Լանչ»-ի սեփականատեր Բակուր Մելքոնյանի հետ՝ հասկանալու, թե ինչով են պայմանավորված նման թանկացումները։ Վերջինս ArmLur.am-ի հետ զրույցում ասաց․
«Եվրոպայից տեսնելով եմ դա առաջարկել։ Ամբողջ աշխարհը գնում է դրան, քանի որ շատ անիմաստ թափոն էինք ունենում»։
Նրա խոսքով՝ քաղաքացիները պլաստմասե ամանները 1 հատի փոխարեն մի քանի հատ էին վերցնում, ինչը հավելյալ թափոն էր դառնում։
Բակուր Մելքոնյանն ասում է, որ տարաների վրա ինքնարժեքն է դրված, սա կօգնի քաղաքացիներին խելամիտ օգտագործել դրանք։
Էմմա Մարտիրոսյան