ԵՐԲ ՈՐ ԲԱՑՎԵՆ ԴՌՆԵՐՆ ՀՈՒՍՈ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ միմյանց դեմ քրեական գործ հարուցելու դիմում են ներկայացրել ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը: Առաքելյանը հանդես է եկել բաց նամակով` վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությանը մեղադրելով «Նաիրիտ» գործարանում մասնավորապես 31 մլն դոլարի հափշտակության մեջ (ամբողջական տեքստը` 6-րդ էջում): Նա բաց նամակն ուղարկել է գլխավոր դատախազությանը, ԱԱԾ-ին ու լրատվամիջոցներին: Իսկ կառավարությունից տեղեկացանք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը միջնորդությամբ դիմել է գլխավոր դատախազություն, որպեսզի ուսումնասիրվեն Հարություն Առաքելյանի հայտարարությունների մեջ նշված պնդումները, եւ հայտարարությունների համաձայն հարուցվի քրեական գործ: Նշենք, որ Հ.Առաքելյանը նախկինում քաղաքական մտերմություն էր անում Ռ.Քոչարյանի թիմի, մասնավորապես Սամվել Բաբայանի հետ:
Երեկ Առաքելյանին հրավիրել էին ոստիկանություն, սակայն ոչ թե նրա հրապարակած բաց նամակի հետքերով, այլ որ նրա դեմ բողոք է եղել, թե ՀՌԱԿ ատենապետ եղած ժամանակ Առաքելյանը կուսակցական տարածքներ է ապօրինաբար օտարել: «Հակոբ Ավետիքյանը նման անստորագիր նամակ էր գրել, թե իբր ես միանձնյա որոշումներ եմ կայացրել ու օտարել կուսակցության տարածքներ: Այդ նամակի հիման վրա ի հայտ է եկել ոմն Սլավա Սարգսյան, թեեւ ՀՌԱԿ-ում նման կուսակցական չկա: Նա իմ դեմ դատախազություն բողոք է ներկայացրել, դատախազությունն էլ բողոքն ուղարկել է ոստիկանություն»,-«Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում փոխանցեց Առաքելյանը: Վերջինս կարծում է, որ իր դեմ ճնշումների շարք է սկսվել, որպեսզի ինքը, թողած կուսակցության գործերը, նախընտրական խնդիրները, զբաղվի այլ հարցերով: Ինչ վերաբերում է վարչապետի` դատախազություն ներկայացրած դիմումին, Առաքելյանն ասաց. «Ես ունեմ իմ փաստերը, եւ երբ դատախազությունը զբաղվի արդեն այդ դիմումով, ասել եմ` պատրաստ եմ դրանք ներկայացնել»:
«Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Գագիկ Ներսիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չանդրադարձավ Առաքելյանի մեղադրանքներին: Սակայն նա կարծում է, որ միայն փաստը` «Նաիրիտ»-ի ներկայիս ղեկավարությունն ու աշխատակազմը հազարավոր դոլարների աշխատավարձ են ստանում, փոխարենը չնչին գումար տալիս բանվորներին, արդեն իսկ շատ բանի մասին է խոսում: «Ադմինիստրացիայի աշխատողներն աշխատավարձի ձեւով ահավոր մեծ գումարներ են հոշոտում, իսկ բանվորներին կոպեկներ տալիս»,-ասաց Ներսիսյանը` հավելելով, որ «Նաիրիտ»-ում միայն տնօրենը 8-10 տեղակալ ունի: Նա նաեւ կարծում է, որ «Նաիրիտ» գործարանի վերաբացման ուղղությամբ իշխանությունների քայլերն ընդամենը նախընտրական քարոզչություն էր: Գագիկ Ներսիսյանը համոզված է, որ ներկա պայմաններում «Նաիրիտ»-ն իր հզորությունների առավելագույնը 10 տոկոսով կարող է աշխատել: «Քանի մենք բեռնատար տրանսպորտային ուղիներ չունենք, «Նաիրիտ»-ի վերագործարկումն անհնար է: Դրա համար մեծ բեռնաշրջանառություն է պետք, որը հնարավոր է անել միայն երկաթուղիով: Եթե անգամ բացվի դեպի Աբխազիա երկաթուղին, դա, միեւնույն է, անիմաստ է, քանի որ միայն ուղեւորատար փոխադրումներ է իրականացնելու, այլ ոչ թե բեռնատար»,-ասաց Գագիկ Ներսիսյանը: Վերջինս կարծում է, որ միգուցե գտնվեն ներդրումներ անել ցանկացողներ, սակայն ինֆրաստրուկտուրային ծանոթանալուց հետո կհրաժարվեն այդ մտայնությունից: Ուստի Ներսիսյանը «Նաիրիտ»-ի վերագործարկման ու լրիվ ծավալներով աշխատելու հարցը տեսնում է քաղաքական հարթության մեջ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս