
Իտալիայի Բարի գավառի Ակվավիվա դելե Ֆոնտի քաղաքում կայացել է երիտասարդ երաժիշտների Colafemmina Piano 8-րդ միջազգային մրցույթը։ Առաջին անգամ մրցույթն այս տարի ունեցել է նաև մասնակից Հայաստանից՝ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի 2-րդ դասարանի սան Անի Մելիքյանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, 7-ամյա հայուհին արժանացել է երիտասարդ դաշնակահարների անվանակարգի առաջին բացարձակ մրցանակի։ Հաղթանակի առթիվ Անիին շնորհավորել է Բարիում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոսությունը։