Ինչպես է Ձորաղբյուրում երիտասարդը մորաքրոջ տղային զրկել կյանքից․ գնացել, խնդրել է կացին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական մեծածավալ և համակարգված գործողությունների արդյունքում պարզվել են Ձորաղբյուր բնակավայրի բնակչի սպանության՝ քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները:

Քննությամբ, մասնավորապես, հիմնավորվել է, որ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր բնակավայրի 42-ամյա բնակիչը, իր մորաքրոջ որդու տուն կատարած այցելությունների ընթացքում տեսնելով վերջինիս պարանոցի ոսկյա շղթան, պլանավորել է շահադիտական դրդումներով սպանել նրան և ավազակությամբ հափշտակել այն:
Իր մտադրությունն իրագործելու նպատակով 42-ամյա տղամարդը 2024 թվականի հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, այցելել է նշված ազգականին և տեսնելով, որ նա տանը միայնակ է, փայտ կոտրելու պատրվակով վերջինից կացին է խնդրել, սակայն պարզելով, որ տանը կացին չունի, որոշել է իր տանը գտնվող մուրճով սպանել:

Որպեսզի տուժողը չհասկանա իր այցելության իրական նպատակը, վերջինին խնդրել է սուրճ հյուրասիրել, որից հետո վերադարձել է իր տուն՝ հանցագործության գործիք հանդիսացող մուրճը վերցնելու և դրանով իր մտադրված հանցագործություններն ավարտին հասցնելու նպատակով:

Իր բնակության վայրից վերցնելով մուրճը և այն թաքցնելով պարկի մեջ, իսկ խոհանոցային դանակը՝ գոտկատեղում, ժամը 15:00-ի սահմաններում վերադարձել է ազգականի տուն և երբ վերջինս նստել է մահճակալին, 42-ամյա տղամարդը, պարկից աննկատ հանելով մետաղյա գլխով մուրճը, մի քանի հարված է հասցրել նրա գլխի գագաթային շրջանին և, պատճառելով կյանքի հետ անհամատեղելի՝ գանգի ներհրված կոտրվածքների ձևով վնասվածքներ՝ սպանել է նրան:

Տեսնելով, որ մորաքրոջ որդին անշարժացել է, իր հետ նախապես վերցված դանակով կտրելով վերջինի պարանոցին առկա ոսկյա շղթան և հափշտակելով 36,5 սմ երկարությամբ ոսկյա շղթայի մի հատվածը՝ հեռացել է՝ հանցագործության գործիք հանդիսացող մուրճը և դանակը թողնելով դեպքի վայրում:
Քննությամբ պարզվել է, որ ազգականին սպանելուց հետո 42-ամյա տղամարդը գնացել է Երևանի առևտրի կենտրոններից մեկը, որտեղ հափշտակված ոսկյա շղթայի մասը 65.000 ՀՀ դրամով վաճառել է:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 42-ամյա տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, և նրան ներկայացվել է մեղադրանք։
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր՝ հոկտեմբերի 8-ին, Ձորաղբյուր գյուղի Անկախության փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել։

Ոստիկանությունից դեպքի առնչությամբ հայտնում են, որ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Ձորաղբյուր գյուղի Անկախության փողոցի տներից մեկը, որտեղ պարզվել է, որ մայրը հայտնաբերել է 34-ամյա որդու՝ Ազատ Նիկողոսյանի դիակը:

Արտաքին զննությամբ դիակի գլուխը և ձեռքերը արյան մեջ են եղել:

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 15-ի սահմաններում նշված տան ննջասենյակում Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի բնակիչ 42-ամյա տղամարդը մուրճով մի քանի անգամ հարվածել է Ազատ Նիկողոսյանի գլխին, ով տեղում մահացել է: Այնուհետև 42-ամյա տղամարդը հափշտակել է Ազատ Նիկողոսյանի պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի:

Կոտայքի բաժնի ոստիկանները ժամը 20.30-ին 42-ամյա տղամարդուն Ազատության փողոցի իր տանը հայտնաբերել, նշված հանցանքը կատարելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել և տեղափոխել են բաժին: Բաժնում նա խոստովանել է արարքը և հայտնել, որ հանցագործության գործիք մուրճը թաքցրել է իրենց տան նկուղում:
Սպանության վերաբերյալ կազմված փաստաթղթերը և Ձորաղբյուր գյուղի 42-ամյա բնակիչը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների Գ. Հ․-ն մուրճով սպանել է հարազատ մորաքրոջ որդուն։




Լրահոս