«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն այս տարվա հոկտեմբերի 10-ին գրել էր գնաճի խայտառակ բարձր ցուցանիշի՝ 30 տոկոսից ավել գնաճի մասին՝ հակադրելով այն Նիկոլ Փաշինյանի 2018 թվականին տված խոստումներին: Բայց իրականում կան սննամթերքի տեսակներ, որոնց գնաճը հատել է նույնիսկ 40 տոկոսը:
Մինչ այդ հիշեցնենք, որ ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի սեպտեմբերի 16-ին Վանաձորում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտաարել էր. «Այսօր ժողովուրդը կառավարության նկատմամբ ունի այնպիսի վստահություն, որ առաջիկա 5 տարին ռիսկեր չեն լինելու, իսկ դա օգնում է, որ գնաճը մնա ցածր մակարդակում։ Գնաճի խնդիրը ոչ միայն հիմա է լուծված, այլեւ 5 տարվա կտրվածքով գնաճի խնդիր չկա»։
Նիկոլ Փաշինյանի այս խոստումը եւս, ի թիվս այլ բարձրաձայնումների, իրականություն չի դարձել: ՀՀ Պետական վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների քառանիշ դասակարգմամբ ապրանքախմբերի գների կուտակային աճը վերլուծելով՝ 2017թ-ը բազային տարի ընդունելով, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2018-2023թթ. 22 ապրանքախմբերի գծով գնաճը գերազանցել է 30 տոկոսը:
Խոսենք օրինակներով.
- Բանջարեղենի գինը 2018-ից մինչ 2023 թվականը աճել է 42.1 տոկոսով,
- Ձկնեղենի եւ ծովամթերքի գները 2018-ից մինչ 2023 թվականը աճել են 34.3 տոկոսով,
- Հացաբուլկեղենի եւ ձավարեղենի արժեքները նույն ժամանակահատվածում աճել են 32 տոկոսով,
- մսինը՝ 31,9 տոկոսով,
- Կաթնամթերքի, պանրի, ձվի արժեքները՝ 29.4 տոկոսով,
- Մրգերինը՝ 28.1 տոկոսով,
- Յուղերի եւ ճարպերի գները՝ 25.3 տոկոսով,
- Սուրճի, թեյի, կակաոյի արժեքները բարձրացել են 18.1 տոկոսով,
- Շաքարի, մրգախյուսի, մեղրի, օշարակների, շոկոլադի գները՝ 13.2 տոկոսով:
Սրանք պաշտոնական տվյալներ են, որոնք ի ցույց են դնում, որ Նիկոլ Փաշինյանը նորից խաբել է»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: