
Այսօր աղանդավորական կառույցները երիտասարդներին իրենց կողմը գրավելու և իրենց շարքերը ներքաշելու նոր ձև են ընտրել. կազմակերպություններն արդեն ստեղծում են պոռնոսայթեր և իրականացնում են սեռական դաստիարակության դասընթացներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Քայքայիչ աղանդների դեմ պայքարող կազմակերպության» նախագահ Ալեքսանդր Ամարյանը:
Նրա փոխանցմամբ` ուշագրավ է այն փաստը, որ աղանդները պայքարում են աղանդների դեմ, չնայած` իրենց` աղանդավոր լինելուն:
«Մորմոններն, օրինակ, պայքարում են միասեռականության դեմ, սակայն իրականում իրենք միասեռականություն են քարոզում: Նրանք անգլալեզու կայքէջ են բացել և միասեռականություն են քարոզում: Հայտնի է նաև, որ կառույցը ստեղծողը միասեռական է եղել: Միայն ավետարանական եկեղեցին է Թուրքիայում առաքելական եկեղեցուց զատվել, սակայն դա չի նշանակում, որ այն աղանդավորական չէ»,- ասաց Ամարյանը:
Վերջինիս գնահատմամբ` աղանդ եզրույթը տեղին է, քանի որ առաքելական եկեղեցուց է տարբերվում: Ամեն աղանդ, Ամարյանի խոսքերով, քայքայիչ համարել չի կարելի: Եթե որևէ մեկն իր կարծիքն է հայտնում ու ասում՝ քո կարծիքը սխալ է, իմը` ճիշտ, դա քայքայիչ համարել չի կարելի: